«Նյու Յորքի հայտնի ռեստորաններից մեկի նախկին մատուցողը փոքր ռեստորան է բացել Brownstone Hancock փողոցի մայթին եւ անվանել այն «Փոքր Հայաստան»»,- գրում է New York Post-ը։
Քանի որ գովազդի համար ժամանակը քիչ էր, նա ընդամենը ձեռագիր թռուցիկներ է պատրաստել եւ ամրացրել փողոցի լուսավորության սյուներին։
Սրճարանի սեփականատեր Արարատ Էլ-Ռավին մենակ է։ Քսան դոլար ֆիքսված գնով ե՛ւ ճաշացանկն է պատրաստում, ե՛ւ մատուցում է, ե՛ւ հավաքում սեղանները։
Հիմնականում անցորդներն են օգտվում, բայց SMS-ի կամ Instagram-ի միջոցով էլ են տեղ ամրագրում։ Սեղանները ծածկված են վանդակավոր սփռոցով, սպասքը հետաքրքիր նախշեր ունի, միջավայրն էլ զարդարված է հայկական գորգերով ու նկարներով: Նա ջերմորեն է ողջունում հյուրերին։
Ճաշացանկում ներառված են այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են հայկական թաբուլեն, լցոնված խաղողի տերեւները, ծովաբողկով եւ չեդդար պանրով սթեյք սենդվիչը՝ կարամելացված սոխով ու սնկով։ Իսկ աղանդերը փախլավան է:
Համավարակի օրերին Էլ-Ռավին կորցրեց աշխատանքը, բայց որոշեց ամեն ինչ կրկին իր ձեռքը վերցնել: «Ես արեցի այն, ինչը ոչ ոք չէր արել»,- ասում է նա: Սկսելով սնունդ առաքող փոքր կրպակից՝ այժմ նա տերն է Նյու Յորքի բնակելի շքեղ թաղամասում գտնվող «Փոքրիկ Հայաստանի», որի համբավը շուրթից շուրթ է անցնում։
Արարատը ծնվել է Իրաք ներգաղթած հայ ծնողների ընտանիքում։ Ավելի ուշ տեղափոխվել են Միդվեստ (ԱՄՆ): Մանկուց նա խոհանոցում հետեւում էր՝ ինչպես է մայրը կերակուր պատրաստում: «Ինձ համար մայրս մեծ Հայաստանն էր, ես՝ փոքր Հայաստանը»,- ասում է՝ հուշելով ռեստորանի անվան ծագումը։ Սրանով նա իր երախտագիտությունն է արտահայտում մոր հանդեպ այն ամենի համար, ինչը նա սովորեցրել է:
20 տարեկանում Էլ-Ռավին խոհանոցի մենեջեր է եղել Էնդրյու Զիմմերնի` Մինեապոլիսում գտնվող հայտնի Un Deux Trois սրճարանում: Զիմմերնին նա համարում է ուսուցիչ, որն օգնել է իրեն ավելի զարգացնելու հմտությունները:
Հետագայում մատուցող է աշխատել Նյու Յորքի բարձրակարգ մի շարք ռեստորաններում, ինչպիսիք են Aquavit-ը, Red Rooster-ը եւ Դեյվիդ Պաստերնակի ESCA-ն:
«Որտեղ որ աշխատել եմ, յուրացրել եմ սննդի պատրաստման իրենց ոճը, շարունակել եմ կատարելագործվել»,- ասում է Էլ-Ռավին: «Նույնիսկ եթե գործս խոհանոցում չէր, սովորելու միջոց միշտ գտնում էի»:
Տեղացիները կարծես գոհ են նրա ամառային այս յուրահատուկ նախագծից: «Այսպիսի ընդունելություն պարզապես չէի սպասում, անհավատալի էր։ Ռեստորանային գործում անսովոր է, երբ բոլորը երջանիկ են հեռանում: Եվ դա ապացուցում է, որ ճիշտ ուղու վրա եմ»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը