Արցախի ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնել Կարմիր շուկայի կրակոցներից։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»-ի՝ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանցիները առավել հաճախ կրակում են Շուշիի մերձակայքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ։ Այս պահին այդպիսի 28 գյուղ կա։ Այսօր Կարմիր շուկայում ադրբեջանցիների կողմից կրակոցներն արձանագրվել են 11։40-ի դրությամբ։ Հղում անելով Կարմիր շուկա համայնքի ղեկավարի տրամադրած տեղեկությանը՝ ՄԻՊ-ն ընդգծել է, որ այս անգամ կրակահերթը սովորականից ավելի երկար է տեւել։ Կրակոցները հիմնականում եղել են դիրքերի ուղղությամբ, ոչ թե բնակավայրերի։
Կարմիր շուկան ադրբեջանական հենակետերից մոտ 2 կմ հեռավորության վրա է, իսկ ադրբեջանական հենակետերին ամենամոտը Մխիթարաշենն է՝ Շուշիի հարեւանությամբ։ Դրանք Մխիթարաշենից մոտ 300 մետրի վրա են։ Թշնամին գրեթե ամենօրյա ռեժիմով սադրանքների է դիմում ոչ միայն Կարմիր շուկայի եւ Մխիթարաշենի, այլեւ Շուշիի մերձակայքի բոլոր համայնքների ուղղությամբ։
«Կան համայնքներ, որտեղ հենակետերի եւ բնակավայրի հեռավորությունը 200-ից մինչեւ 700 մետր է ձգվում։ Դրանք, օրինակ, Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Նորշեն, Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Սարուշեն համայնքներն են։ Մոտ 28 համայնք այս պահին նման իրավիճակում է»,- ընդգծել է Ստեփանյանը։
Մինչ օրս կրակոցներից որեւէ քաղաքացիական բնակիչ չի տուժել, բայց դրանք լուրջ սպառնալիք են խաղաղ բնակչության համար։ Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է, որ բնակչության հետ հանդիպումներում վերջիններս պահանջում են ռազմական հենակետերը հեռացնել խաղաղ բնակավայրերի մոտակայքից։
Նա ընդգծել է, որ բնակչությունը խուճապահար չէ, բայց անհանգստություն կա։ «Նման իրավիճակում հնարավոր չէ ապրել։ Անպայման այդ հարցը պետք է լուծել։ Խաղաղ բնակավայրերի մոտ որեւէ զինվորական չպետք է լինի, ինչպես մենք որեւէ զինվորական չունենք Ադրբեջանի որեւէ խաղաղ բնակավայրի մերձակայքում»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։
Նա ընդգծել է, որ այս խնդիրը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է պետական ու միջազգային ատյաններում, սակայն մինչ օրս դեռեւս տեսանելի քայլեր չկան։