Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե չորս տարի անազատության մեջ պահվող թուրք գործարար Օսման Կավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։
Հանձնաժողովն ընդգծել է, որ Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը ՄԻԵԴ-ի որոշումներին Թուրքիայի ենթարկվելու պարտավորության խախտում է։
«Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) կենտրոնի հիմնադիր Օսման Կավալան, որին տարբեր մեղադրանքներ են առաջադրվել «Գեզի» զբոսայգու անկարգությունների, ինչպես նաեւ 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի առթիվ հարուցված գործերով, արդեն 46 ամիս թուրքական բանտում է։
Կավալան կալանավորվել է 2017-ին, իսկ 2019-ի մայիսին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Կավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։
Եվրախորհուրդը հայտարարել է, որ գործարար Օսման Կավալայի կալանավորումը կամայականություն է, եւ նրան անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացվել։
«Կավալան դատական համակարգի զոհ է, որին օգտագործում են՝ մարդու իրավունքների պաշտպաններին, փաստաբաններին ու լրագրողներին լռեցնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն հունիսին հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումներին չհնազանդվելու դեպքում Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» կհարուցվի։ Եվրախորհուրդը «խախտման գործընթացի» շրջանակում կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական օրենքները խախտող երկրների դեմ։ Մինչեւ օրս նման պատժամիջոց կիրառվել է միայն մեկ անգամ, այն էլ Ադրբեջանի դեմ։