Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը մինչեւ սեպտեմբերի վերջը ահաբեկչության ծրագրումն ու նախապատրաստումը քրեականացնելու վերաբերյալ օրենք կընդունի:
Արդերնը հայտնել է, որ ահաբեկչությանն առնչվող հանցանքների համար պատասխանատվությունը խստացնող օրինագիծը կընդունվի մոտ ժամանակներս՝ Նոր Զելանդիայի խորհրդարանի երկշաբաթյա արձակուրդի ավարտից անմիջապես հետո:
Այսուհետեւ քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ահաբեկչության ֆինանսավորումը, ահաբեկչական գործունեության շրջանակում միջազգային այցերը, ահաբեկչություն նախապատրաստելու նպատակով զենք ու զինամթերք կուտակելը եւ այլն:
Օրինագիծը մշակվել է Նոր Զելանդիայի խոշորագույն Օքլենք քաղաքում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետեւանքով 7 մարդ էր տուժել: