Իտալիայում Հայաստանի դեսպանության առաջարկով կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել է Սալենտոյի միջազգային կինոփառատոնի բացման ծրագրում՝ որպես հատուկ միջոցառում:
«Ալիք Մեդիա»-ն Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանից տեղեկացավ, որ ֆիլմի ցուցադրությունից հետո նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության պատմությանը նվիրված քննարկում-կոնֆերանս, այնուհետեւ` իտալացի լրագրող եւ հրապարակախոս Սիմոնե Ձոպպելարոյի եւ Դանիելե Բելլոկիոյի «Հայաստան. կորսված խաղաղություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ու նրա ավերածությունների մասին։
44-օրյա պատերազմից հետո Սալենտոն առաջին միջազգային կինոփառատոնն է, որի ծրագրի շրջանակում արցախյան պատերազմների մասին միանգամից երկու՝ վավերագրական եւ խաղարկային ֆիլմ է ցուցադրվելու:
Արցախյան առաջին պատերազմին նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմը, ինչպես հայտնի է, 2020-ի հոկտեմբերին ընդգրկված էր Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրում, սակայն ադրբեջանական սպառնալիքներով հանվեց ցուցադրությունից: Պատերազմական ծանր օրերին այս քայլը մեծ աղմուկ հանեց, Մոսկվայի հեղինակավոր կինոփառատոնը պիտակավորվեց, նրա կազմակերպիչները քննադատվեցին քաղաքականացված լինելու համար, սակայն ֆիլմն այդպես էլ չցուցադրվեց:
Իտալական փառատոնի ծրագրում «Դրախտի դարպասն» ընդգրկելն էլ պարզվեց հեշտ չի եղել, ինչպես Ծովինար Համբարձումյանն է նշում. «Միշտ փորձում են խոչընդոտել, բայց հուսամ այս անգամ կցուցադրվի»:
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն «Ալիք Մեդիա»-ին ասում է, որ Հայաստանի դեսպանն իր վրա է վերցրել բոլոր հարվածները: «Իսկ Մոսկվայում մեր դիվանագիտությունն ուղղակի արձանագրեց իր պարտությունը: Եվ պատերազմն էլ ապացուցեց, որ մենք այնտեղ դիվանագիտություն չունենք»:
Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան պատերազմների մասին ֆիլմերը դժվարություններ են ունեցել դեռեւս նկարահանման փուլերում։ Ադրբեջանը միշտ փորձել է խոչընդոտել օտար դերասանների մասնակցությունը հայ ռեժիսորի ֆիլմերին, ճնշումներ է բանեցրել ֆինանսական կառույցների եւ նկարահանման գործընթացում ներգրավված մարդկանց վրա, փորձել է խանգարել արտասահմանյան նկարահանումները, սակայն ֆիլմերը նկարահանվել եւ ցուցադրվել են միջազգային կինոփառատոներում` այդտեղ էլ հաղթահարելով այլ խոչընդոտներ:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայի կինոփառատոնում, Ջիվան Ավետիսյանի սպասելիքներից վեր էր: «Մենք միշտ հավատացել ենք, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, եւ այն միշտ հարթում է իր ճանապարհը: Պարզվեց, որ այդպիսի խոսքերը առաջ էին հնչեղ: Պատերազմից հետո նման գաղափարներն այլեւս արդիական չեն: Արվեստում էլ է կռիվ: Հրանոթները լռում են, կռիվը տեղափոխվում է արվեստ, գրիչներն են գործում, տեսախցիկներն են կռվում, կռվի մեջ ենք»,- մեզ հետ զրույցում ասում է Ջիվան Ավետիսյանը:
Նա, այնուամենայնիվ, ուրախ է, որ Սալենտոյի կինոփառատոնի կազմակերպիչները դեռեւս այլ արժեքներով են առաջնորդվում: «Գուցե Սալենտոյի կինոփառատոնն աշխարհում այնքան հռչակավոր չէ, ինչքան, ասենք, Մոսկվայինն է, բայց իտալական այս փառատոնը գոնե պահպանել է արվեստին հավատարիմ մնալու իր սկզբունքները, իր նպատակը: Մենք գիտեինք, թե արվեստը բարձր է ամեն ինչից, բայց Մոսկվայի խայտառակությունը ցույց տվեց, որ այդպես չէ: Եվ ընդհանրապես, քաղաքական ենթատեքստերով ճնշումները դերասանների, փառատոնի, ֆոնդերի վրա մեր կյանքի մի մասն են դարձել արդեն»:
Նա հիշեցնում է, որ այդպիսի խոշոր ադրբեջանական մի հարված էլ ինքն ու ստեղծագործական թիմը 2018-ին են ստացել, երբ Ադրբեջանի ճնշումներով զրկվել են լիտվական 100 հազար եվրո դրամաշնորհից:
«Բայց այն, ինչ տեղի է ունենում, բնական չէ, եւ մեր այսօրվա ապրած կյանքն էլ՝ պատերազմից հետո, անբնական է, ժամանակավոր: Ես հավատում եմ, որ մենք մի օր հաղթելու ենք: Երկար վազքից հետո հաղթանակը միշտ էլ գալիս է, մենք հիմա երկար վազքի ենք դուրս եկել: Ես ինքս, չեմ հանձնվելու»,- ասում է Ջիվան Ավետիսյանը, որի նոր ֆիլմը՝ «Վերածնվածը», հենց 44–օրյա պատերազմի մասին է:
Այժմ ֆիլմի նկարահանման համար նախատեսված գումարն են գոյացնում, ռեժիսորն ասում է, որ ՀՀ դեսպանատները նույնպես մասնակցում են այս աշխատանքին, հատուկ շեշտում է Կանադայում մեր դեսպանության ջանքերը:
Սալենտոյի կինոփառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-12-ը: «Դրախտի դարպասը» ցուցադրվելու է իտալական Տրիկազե քաղաքում: Համաճարակային իտալական սահմանափակումներով պայմանավորված՝ ռեժիսորը բացմանը մասնակցելու է հեռակա:
Սալենտոյի կինոփառատոնն այս տարի անցկացվում է 18-րդ անգամ. այն հարավային Իտալիայի ամենանշանավոր մշակութային միջոցառումներից է:
«Դրախտի դարպասը» նկարահանվել է 2018 թվականին: Ֆիլմն արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւանում, հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտում։
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է 50-ամյա գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալի վերադարձը Արցախ. 2016 թվականին նա գնում է լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Աշխատանքի բերումով ծանոթանում է 35-ամյա երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյա Մարտիի հետ։ Ռոբերտի եւ Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆյան դուստրն է անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել էր գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարներն ու դրանց շնորհիվ հանրահայտ դարձել:
GATE TO HEAVEN Official Trailer (2021)
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։