Ըստ բրիտանական Town & Country պարբերականի՝ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի թագուհու ընտանիքում տեղի են ունեցել մի շարք տհաճ իրադարձություններ: «Թագուհին» գրքի հեղինակ Մեթյու Դենիսոնը պատմել է, որ 95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը մտադիր չէ լքել պաշտոնը, բացառությամբ երկու հանգամանքի:
«Նա հրաժարական կտա միայն երկու դեպքում. երբ հիվանդանա Ալցհեյմերով կամ կաթված ստանա»,- թագուհու խոսքերը մեջբերել է Դենիսոնը:
Կառավարման վերջին տարիներին թագուհին բազմաթիվ տհաճ իրադարձությունների մասնակիցն է դարձել: Դրանց թվում են ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահը, արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի ընտանիքից հեռանալն ու Օփրա Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցը, որում երիտասարդները թագավորական ընտանիքին մեղադրում էին տասնյակ զանցանքների համար, ինչպես նաեւ արքայազն Էնդրյուի՝ անչափահասի բռնաբարելու մեղադրանքը։
2022-ին կլրանա Եղիսաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակը։ Հետաքրքիրն այն է, որ դեռեւս հայտնի չէ՝ ով է փոխարինելու թագուհուն՝ Չա՞րլզը, թե՞ արքայազն Ուիլյամը:
Բանն այն է, որ գահը, բրիտանական օրենքի համաձայն, պետք է փոխանցվի նրա ավագ որդուն՝ արքայազն Չարլզին։ Սակայն հաշվի առնելով արքայազն Չարլզի կնոջ` Դիանայի մահվան եւ սիրուհի Քամիլա Փարքերի հետ ամուսնության հանգամանքներն ու բրիտանացիների շրջանում նրա ցածր վարկանիշը, այդ վարկածն ավելի քան անհավական է թվում:
Եթե գահն, այնուամենայնիվ, չանցնի Չարլզին, հաջորդը նրա ավագ որդի արքայազն Ուիլյամն է։