«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սեպտեմբերի 4-ին վայրէջք է կատարել Cham Wings ավիաընկերության ինքնաթիռը՝ մեկնարկելով Հալեպ-Երեւան-Հալեպ երթուղով չվերթը:
ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը նշել է, որ այս թռիչքի գաղափարը վաղուց էր հասունացել:
Հայաստանում Cham Wings-ի ներկայացուցիչ եւ գլխավոր տնօրեն Վաչե Փիլիպոսյանն ընդգծել է, որ Երեւան ժամանած ինքնաթիռը տեղափոխել է 147 ուղեւոր: Ընկերությունը ծրագրել է առայժմ շաբաթական մեկ չվերթ իրականացնել Հալեպ-Երեւան-Հալեպ ուղղությամբ:
«Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչ Սաթենիկ Հովհաննիսյանն ընդգծել է, որ նոր երթուղին սպասված ու կարեւոր կլինի սիրիահայերի, հատկապես հալեպահայերի համար եւ կարեւոր կամուրջ կլինի Հայաստանի եւ Սիրիայի միջեւ: