Իրանի պարսկական գորգերի արդյունաբերությունը կքել է ԱՄՆ պատժամիջոցների եւ կորոնավիրուսի համաճարակի ծանրության տակ,- Iran Daily-ում գրում է ճապոնացի հեղինակ Հիրոյասու Տակայաման։
Բայց արհեստագործները գտնում են տհաճ իրավիճակից դուրս գալու ճանապարհը: Սկսել են գործել ավանդական գորգերի փոքր տարբերակներ՝ որպես Ճապոնիայում համատարած օգտագործվող հատակի zabuton բարձերի փոխարինիչներ:
«Մենք Ճապոնիային ենք վաճառում արտադրանքի 60 տոկոսը, քանի որ տնտեսական պատժամիջոցներն արգելում են արտադրանքը արտահանել Միացյալ Նահանգներ, որը նախկինում մեր ամենամեծ շուկան էր»,- ասում է թեհրանցի 43-ամյա գորգագործ Մոհամմադ Ջաֆարին։ Ջաֆարին եւ նրա արհեստակիցները ավանդական Gabbeh գորգի փոքր տարբերակների ստեղծման վերջին աշխատանքներն են անում:
Մոտավորապես 40 քառակուսի սանտիմետրանոց գորգը համապատասխանեցված է ճապոնական zabuton բարձի չափին։ Պահպանված է նաեւ նույն գունային սխեման՝ ի տարբերություն Միացյալ Նահանգներ արտահանվող վառ գույներով գորգերի:
«Նախկինում պարսկական գորգերն արտահանվում էին ավելի քան 30 երկիր։ Այս տարվա մարտ-մայիս ժամանակահատվածում Ճապոնիան է դարձել հիմնական ներմուծողը»,- հայտնում է Իրանի MEHR լրատվական գործակալությունը:
Երբ 2015-ին, ԱՄՆ-ի եւ այլ խոշոր երկրների հետ միջուկային գործարքով պայմանավորված, լարվածությունը թուլացավ, ԱՄՆ արտահանումից Իրանը տարեկան 300 միլիոն դոլար էր ստանում։ Վաշինգտոնը, սակայն, 2018 թվականին Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշմամբ դուրս եկավ գործարքից, արտահանումը Միացյալ Նահանգներ արգելվեց։
Քովիդ-19 համավարակի բռնկումն ավելի ծանրացրեց գորգագործների վիճակը: «Արտերկրի գնորդները չեն կարողանում գալ,- ասում է Թեհրանում գորգերի խանութի սեփականատեր 55-ամյա Ալի Ջահանը,- օտարերկրյա հաճախորդների թիվը հավասարվել է զրոյի, նախկինում ամսական միջինը 50-ի փոխարեն»:
Տնայնագործ գորգեր գործելը Իրանի գյուղական վայրերում կանանց հիմնական աշխատանքն էր, բայց ծավալի կտրուկ անկումը վտանգել է ավանդական արդյունաբերության ապագան:
Շուկայում Իրանի տեղը փորձում են զբաղեցնել Հնդկաստանի եւ Թուրքիայի գորգագործները։ Հնդկաստանի հյուսիսում գտնվող Սրինագարում, որտեղ արտադրվում է հանրահայտ Քաշմիր գորգը, գորգագործները կարծում են, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով իրենց հաճախորդների թիվն աճել է: Թուրքիայում, սակայն, վստահ չեն, թե կարող են գրավել շուկայի իրանյան հատվածը։ «Մեր արտադրական հզորությունը սահմանափակ է, քանի որ գյուղական շրջանների արդիականացման պատճառով գորգ գործողների թիվը նվազել է»,- ասում է Ստամբուլի գորգ արտահանողների ասոցիացիայի բարձրաստիճան պաշտոնյան։
Պատրաստեց Կարինե Դավոյանը