«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլահ Մուջահիդը հայտարարել է, որ աֆղանստանյան Փանջշեր նահանգը ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ։
«Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելուն ուղղված ջանքերը հաջողությամբ պսակվեցին, եւ Փանջշեր նահանգը վերջնականապես անցավ Իսլամական էմիրության վերահսկողության տակ»,- թվիթերյան գրառմամբ ընդգծել է Մուջահիդը։
Նա նշել է, որ որոշ ապստամբներ մարտերում պարտություն են կրել, մյուսները` փախուստի դիմել։ Թալիբները Փանջշերի բնակիչներին վստահեցրել են, որ նրանց չեն ճնշելու։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ հակաթալիբանյան դիմադրության ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին էլ հայտարարել է, որ «Թալիբան» շարժման զինյալներին դուրս են շպրտել նրանց վերահսկողությունից դուրս գտնվող Փանջշեր նահանգից: Շատ թալիբներ, որոնց թվում՝ պակիստանցիներ, գերի են ընկել:
Դաշտին նշել է, որ Փանջշերը ամբողջությամբ ազատագրված է: «Շուրջ հազար ահաբեկիչ հայտնվել է ծուղակում, բոլոր հարձակվողները սպանվել են, հանձնվել կամ գերեվարվել փախուստի ու նահանջի ժամանակ: Գերեվարվածների թվում շատ են օտարերկրացիները, մեծամասնությունը՝ պակիստանցիներ»,- գրել է նա Թվիթերի իր էջում:
Մյուս կողմից՝ Bakhtar News Agency աֆղանստանյան գործակալությունը կիրակի հայտնել էր, որ «Թալիբանը», հակառակը, արդեն վերահսկում է Փանջշեր նահանգի գրեթե ամբողջ տարածքը՝ բացառությամբ Ռուխա շրջանի ու նահանգի մայրաքաղաք Բազարակի: Գործակալության տվյալներով՝ այժմ թալիբները սկսել են գրոհն այդ երկու բնակավայրերի ուղղությամբ: