Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։
«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»,- պնդել է Հաջիեւը։
Նա նշել է, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր տեղակայվել են «Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում»` նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան, ըստ որի՝ սահմանված են խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական եւ որոշ չափով իրավական շրջանակները:
Ում միջեւ եւ ինչ ձեւաչափով
Ալիեւի խորհրդականը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնությունների եւ հավելյալ իրավական մեխանիզմների շուրջ նախնական շփումներ են եղել կողմերի միջեւ, եւ որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են։ Հաջիեւը չի հստակեցրել, թե ում միջեւ եւ ինչ ձեւաչափով են ընթանում քննարկումները։
Հայկական կողմը բանակցությունների ու քննարկումների մասին չի տեղեկացրել: Պաշտոնական Երեւանը հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել եւ լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ:
Չի մերժել, բայց մի շարք դրույթների չի համաձայնել
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ղարաբաղյան հակամարտությանը հետեւող միջազգային փորձագիտական խմբերից մեկը ամիսներ առաջ որոշ փակագծեր է բացել կուլիսային քննարկումների վերաբերյալ: Միջազգային ճգնաժամային խմբին ադրբեջանցի մի պաշտոնյա պատմել է, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին` պատերազմական գործողությունների ավարտից շաբաթներ անց, Մոսկվան մի փաստաթուղթ է ներկայացրել Երեւանին եւ Բաքվին, որտեղ գրված է եղել, թե ինչ դեր են ստանձնելու ռուս խաղաղապահները եւ ինչ խնդիրներ են լուծելու Ղարաբաղում: Ադրբեջանը մի շարք դրույթների չի համաձայնել։
Ճգնաժամային խմբին հայաստանցի մի պաշտոնյա ասել է, թե Բաքուն ցանկանում է՝ Ռուսաստանը հստակ հայտարարի, որ խաղաղապահների տեղակայման տարածքը Ադրբեջանում է։ Պաշտոնյան հավելել է, որ Երեւանն ու Ստեփանակերտը մերժել են այդ պահանջը:
Մոսկվան նախընտրում է սպասել
Ռուս պաշտոնյաներից մեկն էլ նշել է, որ Կրեմլը չի ձգտում ամեն գնով ստանալու այդ փաստաթուղթը։ Մոսկվայի համար կարեւոր է, որ խաղաղապահների իրավունքներն ու պարտականությունները ընդունելի լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ «Մոսկվան նախընտրում է սպասել, մինչեւ Բաքուն կմեղմի իր դիրքորոշումը»,- ասել է ռուս պաշտոնյան:
Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցը հրապարակվել էր անցած հունիսին․ երեք ամիս անց այս հարցում առաջընթաց չկա:
Գրեթե մեկ տարի է` հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են միայն եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նրանց վերաբերյալ ընդամենը երեք նախադասություն կա: Նշված է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը եւս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:
Եռակողմ հայտարարությամբ հստակեցված չէ, թե ինչ լիազորություններ ու իրավասություններ ունեն ռուս խաղաղապահները եւ ինչ կարող են անել շփման գծում լարվածության սրացման դեպքում։