ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Արցախի Ասկերանի այգեկութի ժամանակ ապահովել են անվտանգությունը։
«Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել էր խաղաղապահ զորախմբին խաղողի բերքահավաքի ժամանակ անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ խաղողի այգիները սահմանագծի երկայնքով են։ Այգեկութի ժամանակ անվտանգությունն ապահովվելու է երկու շաբաթ»,- ընդգծել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը։
Շփման գծի երկայնքով տեղակայված խաղողի այգիներում բերքահավաքը մեկնարկել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` խաղողի արտադրանքի մթերման համար։ Բերքահավաքի մասնակիցները ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը փոխանցել Ստեփանակերտի դպրոց-ինտերնատի երեխաներին։
Այս տարվա գարնանը ռուս սակրավորները տեղանքը մաքրել էին պայթյունավտանգ իրերից` ապահովելով խաղողի այգիների անվտանգ մշակումը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարության համաձայն` ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: