Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հարցումների հետազոտության կենտրոնը Հայաստանի 18 տարին լրացած 1504 ՀՀ քաղաքացիների շրջանում 2021-ի հուլիսի 21-30-ը հեռախոսային հարցազրույցներով անցկացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն:
Հարցման մեջ ներառված է նաեւ «Քովիդ-19 եւ պատվաստում» թեման: Հարցվողներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով։
Պատասխանելով Քովիդ-19-ի դեմ պայքարի տարբերակների մասին հարցին` 26%-ը պատասխանել է, որ կողմ է փակ տարածքներում ավելի խիստ միջոցների կիրառմանը: 17%-ը կողմ է, որ պատվաստումների մասին ավելի շատ խոսեն:
Հարցվածների 68%-ը բավարարված է Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կառավարության տրամադրած տեղեկության բովանդակությամբ: 54%-ի կարծիքով զանգվածային պատվաստումը կօգնի վերականգնելու տնտեսությունը: 52%-ը բարձր է գնահատել պատվաստումների արդյունավետությունը:
Պատվաստված քաղաքացիների 84%-ը նշել է, որ պատվաստվելու որոշում է ընդունել` առողջության մասին մտահոգվելով, 9%-ը` արտերկիր մեկնելու համար: Շուրջ 62%-ը նշել է, որ Քովիդ-19-ի դեմ իր նախընտրած պատվաստանյութը հասանելի է: 69%-ին մտահոգում են կորոնավիրուսի նոր շտամները, իսկ 68%-ը համարում է, որ պատվաստումը կարող է կանխել նոր շտամների տարածումը: