Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամից հայտնել են, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կիրառմանը:
Հիմնադրամն ընդգծել է, որ «Սպուտնիկ Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութը բարձր անվտանգություն ու արդյունավետություն է ցուցաբերել մի շարք երկրների բնակչությանը պատվաստելու ընթացքում:
Պատվաստանյութի կիրառման արդյունավետությունը տարեց մարդկանց դեպքում 78,6-83,7% է: Պարագվայում, երկրի առողջապահության նախարարության տվյալներով, դեղամիջոցի արդյունավետությունը կազմել է 93,5%։
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը նշել է, որ «Սպուտնիկ Լայթ»-ը Հայաստանում ընդունվել է դեռեւս 2021-ի փետրվարին, իսկ այժմ այն կկիրառվի:
Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ավելի վաղ հայտնել է, որ «Սպուտնիկ Լայթ»-ով պատվաստումը 50-60%-ով նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Գինցբուրգը նշել է նաեւ, որ «Սպուտնիկ Լայթ» եւ Pfizer պատվաստանյութերը կարող են միասին կիրառվել, դրանք զուգակցվում են միանգամայն նորմալ ձեւով: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի առաջարկով «Սպուտնիկ Լայթ»-ի եւ Pfizer-ի հետ համատեղ փորձարկումներ են արվել որպես երրորդ ներարկում:
«Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը Ռուսաստանում գրանցվել է մայիսի սկզբին: Դրա արդյունավետությունը կազմել է 79,4%, ինչն ավելի բարձր է երկու ներարկում պահանջող բազմաթիվ պատվաստանյութերից: «Սպուտնիկ Լայթ» պատրաստուկը «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է: Պատրաստուկով իմունացումից հետո անցանկալի լուրջ երեւույթներ չեն գրանցվել: