Մեր տղաները գերմանացիներին հաջողեցրին պարտվել անխնա։ Հիասթափությունը բռնեց հայոց աշխարհը։
Իսկ ի՞նչ էինք սպասում։ Հետո, ո՞վ է ասել, որ մենք պարտվելուց վատ ենք։ Մեր խաղային դպրոցները տարբեր են. Գերմանիան բոլորովին ուրիշ միջավայրում ու ավանդույթներով է զարգացնում իր ֆուտբոլը, իսկ մենք տասնյակ տարիներ ունենք այն, ինչ ունենք։ Մենք զուգահեռ չլուծված հարցեր ունենք՝ պատերազմ, սահմաններ, բանակ, պետական կառավարում, սոցիալական վատ վիճակ, ցածր աշխատավարձ նույնիսկ ֆուտբոլում, ենթակառուցվածքների բացակայություն կամ խղճուկ վիճակ, նրանք սրանցից ոչ մեկը չունեն։
Հլը տեսեք, թե ում ենք հաղթել J խմբում՝ Լիխտենշտայնին, Իսլանդիային եւ Ռումինիային։ Վերջինս, ընդունենք, նույնիսկ մի քանի անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին, ունեցել է Գեորգի Հաջիի նման սուպերֆուտբոլիստ։ Բայց Ռումինիայի համար էլ է այսօր դժվար կենտրոնանալ ֆուտբոլի վրա։ Իսլանդիան ավանդաբար ֆուտբոլի վրա լուրջ շեշտադրումներ չի էլ անում, այնտեղ ֆուտբոլ խաղում են «կյանքից ազատ ժամերին»։ Լիխտենշտայնը գաճաճ պետություն է, գրեթե խնդիրներ չունի, բայց ունի ընդամենը 38590 բնակիչ, ոստիկանությունում 120 մարդ է աշխատում, ամբողջ տնտեսությունը տուրիզմ է։
Գոլազուրկ ոչ ոքի ենք խաղացել մեզ նման թարմ անկախությամբ Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Մեզ մոտ մինչեւ հիմա Գյումրու «Պլպլան ժամ» եկեղեցու առաստաղի «ամենատես աչքին» ծուռ ենք նայում՝ համարելով, որ դա մասոնների աչքն է։ Վերջին մեկ տարում մեր սպասելիքները ձեւավորվում են Արցախյան 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից։ Մեր ֆուտբոլասերին հիմա հաղթանակներ են պետք սեփական արժանապատվությունը կերակրելու համար։ Ֆուտբոլասերին պետք է հասկանալ, հավաքական երկրպագելը եւս մշակույթ է, եւ այն մեզ մոտ համեմատաբար նոր է, երկար տարիներ մեր «հավաքականը» եղել է Երեւանի «Արարատը», իսկ մեր հակառակորդը՝ Բաքվի «Նեֆթչին»։ Բայց մենք միշտ էլ իմացել ենք, թե ովքեր են գերմանացիները, իտալացիները կամ ֆրանսիացիները ֆուտբոլում։
Ֆուտբոլում բարոյական հաղթանակներ չկան, ահա մեր արժանապատվության ամենախոցելի տեղը, որին երեկ բախվեցինք։ Գերմանացիները խփեցին ինչքան ուզում էին։ Ահա ինչու այս խաղը շատերին հիշեցրեց 44-օրյա պատերազմը (մեղա), որի պատճառով հայ ֆուտբոլասերները շտապ պահանջում էին ռուս խաղաղապահներ։ Մի խոսքով՝ ի՞նչ էր մնում հայ ֆուտբոլասերին՝ հումոր անել։
Սակայն ոչինչ կորած չէ, քանի դեռ մարզադաշտում մեր հակառակորդները Ադրբեջանի կամ Թուրքիայի հավաքականները չեն։ Այն ժամանակ կերեւա, թե ֆուտբոլից հեռու ազգային ոգին երգիծական ինչ բարձունքների է ընդունակ Խոակին Կապառոսի գլխավորությամբ։ Մինչեւ էդ արանքում մի օր, ինչպես մեզ վերեւներից խոստացել են, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կդառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: