ՀՀ դատախազությունը Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով օգոստոսի 30-ին գործ է հարուցել Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչների հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ծանր հետեւանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
«Ֆիզգորոդոկի» բնակիչները բաց նամակում հայտնել են նաեւ, որ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքներն արդեն մի քանի օր է՝ դադարեցվել են: Բնակիչներն ակնկալում են, որ Դատախազությունը կկասեցնի հնարավոր շինարարությունը մինչեւ գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարեւոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով։
Բնակիչները սա «Ֆիզգորոդոկի» պայքարի առաջին միջանկյալ հաղթանակն են անվանել։ Նրանք հայտարարել են, որ շարունակելու են իրավական պայքարը, զուգահեռաբար չեն դադարեցնելու քաղաքացիական նախաձեռնություններն ու խնդրի բարձրաձայնումը։
Ապօրինի շինարարական աշխատանքների դեմ ընդվզած «Ֆիզգորոդոկի» բնակիչները Երեւանի քաղաքապետարանից նախ պահանջել են անհապաղ տրամադրել տարածքի՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներին ենթակա լինելու հիմքերն ու եզրակացությունը։
Բաց նամակի հեղինակ բնակիչները պահանջել են նաեւ հեռացնել մայթերին, ճանապարհին, հանրային տարածքում առանց հողօգտագործման համապատասխան թուլտվության եւ ապօրինաբար տեղադրված շինհրապարակի ցանկապատը։ Նրանք հիշեցրել են, որ այդ տարածքների նկատմամբ օգտագործման իրավունքը կարող էր հաստատվել բացառապես պետական գրանցումը հավաստող փաստաթղթի առկայությամբ, որը տվյալ պարագայում բացակայում է։
Դիմելով երկրի իրավապահ մարմիններին՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչները պահանջել են պատասխանատվության ենթարկել «Ռատկո» ՍՊԸ կառուցապատող կազմակերպությանը՝ առանց հողօգտագործման թույլտվության համայնքային հողում ապօրինի աշխատանքներ իրականացնելու համար:
Բնակիչները բաց նամակում Երեւանի ավագանուց պահանջել են արտահերթ նիստ հրավիրել՝ խնդիրը քննելու եւ քաղաքին պատկանող հողը վերադարձնելու քայլեր ձեռնարկելու համար՝ ապահովելով բնակիչների ներկայացուցիչների մասնակցությունը։