Ըստ բելգիական Gavi.org-ի՝ Բելգիայի խոշոր քաղաքների զարգացման եւ քաղաքականության ոլորտում համագործակցության նախարար Մերիամե Կիտիրը հայտնել է, որ Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության ջանքերով Հայաստան է ուղարկվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 187200 հազար չափաքանակ: Մերիամե Կիտիրը նշել է, որ համավարակը հաղթելու միակ միջոցը միջազգային համագործակցությունն է: «Ոչ ոք ապահով չի լինի, քանի դեռ բոլորը ապահով չեն»,- ընդգծել է նախարարը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նախնական տվյալներով սեպտեմբերի կեսերին Հայաստանում կլինի նաեւ Pfizer պատվաստանյութը, սակայն հայտնի չէ՝ ինչ չափաքանակ:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը հուլիսի 29-ին 3 միլիարդ 459 միլիոն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նախատեսվում է ձեռք բերել Sinopharm եւ Pfizer ընկերությունների արտադրած պատվաստանյութի 500 հազար չափաքանակ:
303325 պատվաստում
Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ կատարվել է 303325 պատվաստում, որից առաջին չափաքանակ` 195290, երկրորդ չափաքանակ՝ 108035։
ՀՀ-ում պատվաստումներն իրականացվել են «Կորոնավակ» (վերջին ամիսներին՝ միայն երկրորդ չափաքանակ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» եւ «Սինոֆարմ» պատվաստանյութերով 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում: Պատվաստումներն անվճար են: