ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ, ճանաչողական այցով Երեւան ժամանած Իգոր Խովաեւին:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները եւ այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարեւորությունը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւս ընդունել է Իգոր Խովաեւին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարեւորությունը: Նախարարը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների եւ տարրերի հիման վրա հակամարտության տեւական եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ եւ անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւս սեպտեմբերի 6-ին Երեւանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւին: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարեւորությունը: Խաղաղության եւ կայունության պահպանման գործում Արցախի նախագահն առանձնահատուկ կարեւորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: