88 տարեկանում կյանքից հեռացավ ֆրանսիացի նշանավոր դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ըստ «Ֆրանսպրես» գործակալության՝ հետպատերազմյան աշխարհի մեծագույն կինոաստղերից մեկը:
2001-ին սրտի կաթված ստանալուց հետո Բելմոնդոն դադարեցրել էր դերասանական գործունեությունը, սակայն 2008-ին վերադարձավ նկարահանման հրապարակ՝ նկարահանվելով Ֆրանսիս Յուստերի «Մարդը եւ նրա շունը» ֆիլմում: 2015-ին աշխարհահռչակ դերասանը հայտարարեց կինոկարիերան ավարտելու մասին:
Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է 1933-ին Նեյի-սյուր-Սենում՝ քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում նա դերասանի մասնագիտությունը գերադասեց սպորտին՝ ընդունվելով Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատեց թատրոնում։ Իսկ շատ տարիներ անց՝ 1991-ին, Բելմոնդոն ձեռք բերեց սեփական «Վարիետե» թատրոնը:
«Ես երբեք չեմ աշխատել փողի համար: Ինձ համար ամենից կարեւորն էր հաճույք ստանալ, աշխատել արժանի մարդկանց հետ եւ ամեն ինչ անել, որ հանդիսատեսը լավ պահեր ապրի»,- մի առիթով ասել է դերասանը:
Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը սկսվել է 1950 թվականին Փարիզում: Նրա առաջին կինոդերը «Քնած գեղեցկուհին» ֆիլմի արքայազնն էր: Սակայն դերասանը ճանաչվեց եւ փառքի հասավ տասը տարի անց միայն` հանրահայտ «Վերջին շնչով» ֆիլմից հետո: 27-ամյա Բելմոնդոյին իսկական աստղ դարձրեց ավազակ Միշել Պուակարի դերը Ժան-Լյուկ Գոդարի՝ 1959-ին նկարահանած այս ֆիլմում, որը կարեւորագույն ֆիլմերից մեկը դարձավ համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ:
Բելմոնդոն աշխատել է նաեւ աշխարհահռչակ ռեժիսորներ Կլոդ Լելուշի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ալեն Ռենեի, Անրի Վերնյոյի, Մարսել Կարնենի, Ժան Պիեր Մելվիլի, Ժերար Ուրիի, Ժորժ Լոթների եւ այլոց հետ: Նրան մեծ հռչակ բերեց հայ հանդիսատեսին քաջ հայտնի «Պրոֆեսիոնալը» ֆիլմը:
Դերասանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգեւների` Պատվավոր լեգեոնի եւ «Արվեստի եւ գրականության բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանների: Բելմոնդոն 1989-ին «Սեզար» է ստացել «Ճակատագրի սիրեցյալը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Պարգեւատրվել է Կաննի կինոփառատոնի Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղով (2011) եւ «Ոսկե առյուծ» մրցանակով՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2016):
Բելմոնդոն ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ընկերն էր։ Ազնավուրի մահից երկու օր առաջ երգչի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվել էր լեգենդների համատեղ վերջին լուսանկարը՝ «Իմ հավերժական ընկեր Ժան Պոլը» գրառմամբ։
Կատակերգություններում, մարտաֆիլմերում եւ կրքոտ մելոդրամաներում նկարահանված դերասանն իր ինքնակենսագրական «Հազարավոր կյանքեր» գրքում գրել է. «Երբ խոսքը վերաբերում է երջանկությանը, չափավորությունն անիմաստ առաքինություն է: Ես դեռեւս ուզում եմ ջահելի պես ապրել»: