Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը (1997-2007թթ.) իսլամիզմը արեւմտյան երկրների եւ, ընդհանուր առմամբ, համաշխարհային հանրության համար լրջագույն սպառնալիք է որակել:
Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Բլերը Միացյալ Թագավորության անվտանգության եւ պաշտպանության հարցերի ուսումնասիրության ինստիտուտում իր ելույթում աշխարհին հորդորել է արմատական գաղափարախոսության դեմ պայքարի միասնական մոտեցում մշակել:
«Զսպման բացակայության դեպքում այդ սպառնալիքը կհասնի մեզ, նույնիսկ եթե դրա կենտրոնը շատ հեռու լինի. 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումները ասվածի վկայությունն են»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը:
Բլերը նկատել է, որ իսլամիզմը, ի վերջո, կոշտ եւ ճկուն ուժի համադրության դեպքում հեղափոխական կոմունիզմի պես կպարտվի: Բրիտանիայի նախկին վարչապետը նշել է, որ Աֆղանստանում ռեժիմի տապալումից հետո աշխարհի առաջատար երկրները հատկապես պետք է միավորվեն՝ իսլամիզմի դեմ համահունչ ռազմավարություն մշակելու համար:
«Անգամ եթե նախնական քննարկումները հիմնականում վարեն արեւմտյան երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը եւս շահագրգռված են այս գաղափարախոսության դեմ պայքարով: Իսկ ամենահավատարիմ դաշնակիցներին մենք կգտնենք մահմեդական պետություններում, մասնավորապես Մերձավոր Արեւելքի երկրներում, որոնց բնակիչները ձգտում են իրենց կրոնն ազատել ծայրահեղականության ազդեցությունից»,- շեշտել է Թոնի Բլերը:
Թոնի Բլերը նշել է, որ ամերիկացիների հեռանալուց հետո բոլոր նախադրյալները կան՝ Աֆղանստանի տարածքում «Ալ-Ղայդա» եւ «Իսլամական պետություն» կառույցները դիրքավորման համար:
Իսլամիզմի խնդրի հանդեպ այլընտրանքային տեսակետը, ըստ Բլերի՝ ենթադրում է, որ այն երկրորդ կարգի սպառնալիք է եւ անհրաժեշտ է պայքարել դրա ամենավտանգավոր դրսեւորումների դեմ ՝ գործի դնելով հատուկ ջոկատայիններին, անօդաչու թռչող սարքեր՝ թիրախային հարվածներով եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելով:
«Տեսանելի ապագայում Ամերիկան հազիվ թե ռազմական ներգրավվածության ախորժակ ունենա»,- ընդգծել է Բլերը, ակնարկելով, որ Արեւմտյան Եվրոպան պետք է մտածի հնարավոր վտանգները սեփական ուժերով չեզոքացնելու անհրաժեշտության մասին:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը խնդրի նկատմամբ հիբրիդային մոտեցումների իրականացման համար լուրջ խոչընդոտ է համարում, երբ արեւմտյան երկրների իշխանությունները արտերկրում տեղակայված զինվորականների շրջանում ձգտում են խուսափել զոհերից: