Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա եւ Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Կրակոցների հետեւանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա:
Պաշտպանի խոսքով՝ կեսգիշերն անց եւս ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները։ Դրանք հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, նյութական վնաս էլ չի արձանագրվել։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։
Արցախի ՄԻՊ-ը ահազանգում է. խաղաղ բնակավայրերի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական եւ իրական սպառնալիք են Արցախի ժողովրդի կյանքի, առողջության եւ այլ կենսական իրավունքների համար եւ խաթարում են բնակիչների բնականոն կյանքն ու գործունեությունը։
Նա նաեւ ընդգծել է, որ արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը, հատկապես միջադեպերի հեղինակները, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է դառնում նման դեպքերի կրկնության համար։
Ստեփանյանը պնդել է՝ անհրաժեշտ է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննություն իրականացնել ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ։