Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն առայժմ թալիբների ճանաչման վերաբերյալ ոչ մի որոշում չի ընդունել՝ ընդգծելով, թե անհրաժեշտ է տեսնել՝ որքանով են թալիբների խոստումներն ու գործողությունները համընկնում։
Al-Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ «Թալիբան» շարժումը Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին եւ Կատարին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու կառավարության կազմի հայտարարման առիթով կազմակերպված միջոցառմանը։
Լրագրողներ հարցին, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել թալիբների հրավերը, եւ արդյոք նա մտադի՞ր է մասնակցել Աֆղանստանի կառավարության նոր կազմի ներկայացման արարողությանը, Պեսկովը պատասխանել է, որ կարեւոր է հասկանալ, թե համակարգային եւ անհատական առումով դա ինչպիսի կառավարման համակարգ կլինի։ «Դուք գիտեք, որ թալիբների ճանաչման վերաբերյալ դեռ ոչ մի որոշում չի ընդունվել։ Բացի դրանից, դուք գիտեք նաեւ, որ մենք շատ ուշադիր հետեւում ենք իրադարձություններին։ Ու, ամենակարեւորը, դեռ փորձում ենք հասկանալ, թե որքանով են թալիբների խոստումները, նրանց հայտարարությունները համապատասխանելու իրենց ապագա գործողություններին»,- ընդգծել է նա: