ՀՀ գլխավոր դատախազությունն Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «2008թ. մարտի 1-ի» գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել է, որ Երեւանի քրեական դատարանի 2008-ի հուլիսի 14-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով նախատեսված հարցավոր արարքները կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008-ի հոկտեմբերի 3-ին կայացրած որոշմամբ ուժի մեջ էր թողել այդ որոշումը:
Հետագայում, 2019-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հիմնարար խախտման հիմքով բողոք էր ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բեկանել եւ փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ վերոնշյալ դատական ակտերը՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում:
2020-ի մայիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր բողոքը, բեկանել էր այդ դատական ակտերը եւ քարեական գործն ուղարկել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2021-ի սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար:
Այսպիսով դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ:
Հիշեցնենք, որ 2008-ին ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով։ Գործով միակ եւ առանցքային տուժողը՝ Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Քամալյանը, իր ցուցմունքում ասել էր, թե Բարեղամյանը Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհին ձեռքի ձողով հարվածել էր իրեն։ Սակայն Բարեղամյանը պնդում էր, որ ոչ մեկին մարմնական վնասվածք չի հասցրել: