ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտարարել է, որ Աֆղանստանում սպառվում են պարենային եւ կենսականորեն անհրաժեշտ մյուս ապրանքների պաշարները:
Կազմակերպության ներկայացուցիչ Ենս Լայերկեն միջազգային դոնորներին կոչ է արել անհապաղ եւ շռայլորեն աջակցելու կարիքի մեջ հայտնված երկրին։
Նա ընդգծել է քաղցի սպառնալիքին բախված Աֆղանստանի բնակչությանն օգնելու համար 600 միլիոն դոլար հանգանակելու անհրաժեշտությունը։
Լայերկեն այս հայտարարությունն արել է Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու հարցով սեպտեմբերի 13-ին անցկացվելիք միջազգային խորհրդաժողովին ընդառաջ: