«Թալիբան» շարժման առաջնորդ Հայբատուլա Ախունձադան հայտարարել է, որ Աֆղանստանում այսուհետեւ կառավարման եւ կենսակերպի բոլոր հարցերը կկարգավորվեն Սուրբ շարիաթի օրենքներով։
Թալիբները ցանկանում են հարգանքի եւ փոխգործակցության վրա հիմնված ամուր եւ առողջ հարաբերություններ հաստատել հարեւան եւ այլ երկրների հետ։
«Թալիբան» շարժման առաջնորդը նշել է, որ այդ երկրների հետ հարաբերություններում Քաբուլը կառաջնորդվի Աֆղանստանի հետաքրքրություններով եւ շահերով։ Նա ընդգծել է, որ Աֆղանստանը հավատարիմ է իսլամական օրենքներին եւ ազգային արժեքներին չհակասող միջազգային բոլոր օրենքներին եւ համաձայնագրերին, բանաձեւերին եւ պարտավորություններին։
Ախունձադան միաժամանակ շեշտել է, որ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը» լուրջ եւ գործուն քայլեր կձեռնարկի իսլամի կրոնական պահանջների շրջանակներում մարդու, փոքրամասնությունների եւ կարիքավոր խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։