Հարկատուները վճարում են, Պետեկամուտների կոմիտեն հաջողությամբ հավաքում է հարկային եւ մաքսային եկամուտները։ Այս պահի դրությամբ հավաքագրումը գերակատարվել է։ ԱԺ բյուջետային գրասենյակի հրապարակած տեղեկանքի համաձայն օգոստոսի 31-ի դրությամբ պետական բյուջե մուտքագրվել է մոտ 984 մլրդ դրամ՝ ամսական միջին հաշվով 123 մլրդ դրամ։
Պլանավորված էր 9 ամսում հավաքագրել 1 տրլն 35 մլրդ դրամ։ Ժամկետի լրանալուն դեռ մեկ ամիս էլ կա, բայց այս թվին հասնելու համար մնացել է ընդամենը 51 մլրդ դրամ: Եվ վստահաբար կարելի է ասել, որ սեպտեմբեր ամսին այդ գումարը ոչ միայն կհավաքվի, այլեւ կգերակատարվի։
Իրականում այնպես չէ, որ տնտեսությունը մեծ թափով զարգանում է, եկամուտներն էլ սպասվածից շատ են գոյանում: Խնդիրն այն է, որ կառավարությունն իր առաջ համեստ նպատակ է դրել` համեստ բյուջե է պլանավորել եւ դա է գերակատարում: Բայց գերակատարելով այդ համեստ բյուջեի հավաքագրումը՝ կառավարությունը չի կարողանում այն ծախսել եւ թերակատարում է պլանավորած ծախսերը։
Ֆինանսների նախարարությունը հավաքագրումների եւ ծախսերի ցուցանիշները ներկայացնում է եռամսյա կտրվածքով։ 9 ամիսը դեռ չի անցել դրանք թարմացնելու համար, բայց առաջին կիսամյակի տվյալների համաձայն կառավարությունը պլանավորած ծախսերը կատարել է 86.6%-ով կամ թերակատարել է 13.4%-ով: Դա բավականին մեծ շեղում է։ Մի բան է պլանավորած աշխատանքները չկատարել փող չլինելու պատճառով, մեկ այլ բան է փողի առկայության պայմաններում չկատարելը։
Մեկ այլ բաց աղբյուրից տեղեկանում ենք, որ կառավարությունն 8 ամսում չի հասցրել ծախսել բյուջեի անգամ կեսը։ Ծախսվել է ընդամենը 809 մլրդ դրամ այն դեպքում, երբ այս տարվա ծախսերը պլանավորված են մոտ 1,9 տրլն դրամի չափով։ Վերջին 4 ամիսներին դժվար թե ծախսվի բյուջեի գերակշիռ մասը կամ ավելի քան 1 տրլն դրամը։
Որքան կարեւոր է եկամուտներ ստանալը, նույնքան, միգուցե ավելի՝ կարեւոր է դրանք արդյունավետ ծախսելը։ Բայց ահա դա գործող իշխանություններին չի հաջողվել ոչ միայն այս տարի, այլեւ հեղափոխությունից հետո ընդհանրապես։ «Իսկ դա տնտեսական աճի վրա հետեւանք է թողնում»,- ասում է պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը:
Կառավարությունը պլանավորել է այս տարի ունենալ 4,8 տոկոս տնտեսական աճ, հուլիսի դրությամբ ունեցել ենք 5,2 տոկոս, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում է երկնիշ տնտեսական աճ։ Ծախսերը թերակատարվում են եւ իրենց չափով խոչընդոտում Քերոբյանի երազանքի իրականացմանը։ Ինչո՞ւ պետությունը չի կարողանում ծախսել հավաքած գումարը եւ կատարել պլանավորած աշխատանքները։
Իշխանության ներկայացուցիչն ասում է, երկրում տեղի ունեցած գործընթացներն են խանգարել: «Ցավոք սրտի, մեր իրականության պայմաններում այդպես էլ պետք է լիներ` ընտրություն, որից առաջ պաշտպանության համակարգի` քաղաքականությանը խառնվելու պրոցես, հանրահավաքներ: Ավելի վաղ` պատերազմի հետեւանքներով պայմանավորված ներքաղաքական ցնցումներ եւ այլն: Եվ ես կարծում եմ, որ, այո, ինչ-որ տեղ սպասելի էր այս դանդաղումը: Բայց պրոցեսը ես կգնահատեմ ամբողջական ցիկլի մեջ: Եկեք սպասենք մինչեւ տարեվերջ, տեմպերը միանշանակ կարագանան»,- մեկնաբանում է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:
Կառավարության կատարած ծախսերն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ չեն կատարվել հատկապես կապիտալ ծախսերը՝ շինարարական, վերակառուցման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Իսկ դրանք առաջինն են ազդում տնտեսության զարգացման վրա։
Օրինակ, կառավարությունը չի կարողացել իրականացնել պլանավորած` ճանապարհների կառուցման, վերակառուցման եւ այլ աշխատանքները, որոնց համար այս տարի նախատեսել էր 71,4 մլրդ դրամ: Անցած 8 ամիսներին ծախսել է ընդամենը 10,9 մլրդ դրամը այն դեպքում, երբ հետհեղափոխական շրջանում իշխանություններն ամեն առիթով հայտարարում են, թե աննախադեպ ծավալների ճանապարհաշինարարություն են իրականացնում։ Կհասցնե՞ն մնացյալ 60 մլրդը ծախսել առաջիկա 4 ամիսներին, երբ ճանապարհաշինության համար լավագույն օրերը մնում են հետեւում, դժվար թե։
Կամ ոռոգման շատ կարեւոր համակարգում նախատեսված 20,3 մլրդ դրամի ծրագրերից այս պահին կատարվել է ընդամենը 5,2 մլրդ դրամի աշխատանք՝ չվերականգնելով համակարգի բազմաթիվ օղակներ։
Ամիսներ առաջ մեկնաբանելով ծախսերը թերակատարելու վերաբերյալ հարցը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգում կոռուպցիան, ատկատները այնքան տարածված են եղել, որ իրենք դեռ զգուշանում են ծրագրեր իրականացնելիս։ Այսինքն վախենում են, որ այդ գումարները կգողանան։
Պապոյանն ասում է՝ զգուշությունը պահպանվել է, բայց նաեւ համապատասխան մեխանիզմներ են մշակվում: «Մենք մշտապես լավագույն լուծման փնտրտուքի մեջ ենք, եւ չեմ կարող ասել, որ գտել ենք, բայց ակնհայտ է, որ անընդհատ խստացնում ենք մեխանիզմները, որ հնարավորինս քիչ կոռուպցիոն մեխանիզմներ գործեն ու առավելագույն արդյունավետ եւ ցածր գներով աշխատանքներ ծավալենք»,- խոստովանում է պատգամավորը։
Արտակ Քյուրումյանը չի բացառում, որ ծրագրերի իրականացման օղակներում այս կամ այն պաշտոնյան ինչ-որ բան «մի տեղից թռցնի», եւ հարց է, թե իրավապահները կարողանո՞ւմ են բացահայտել այդ դեպքերը: «Բայց դրա համար անհանգստանալով` ծրագրեր չանելը ճիշտ չէ: Եվ եթե խնդիրը կոռուպցիան է, կոռուպցիայի դեմ է պետք պայքարել եւ ոչ թե ծախսեր չկատարել ու համակարգերը, կարողությունները չզարգացնել: Նման դեպքի հանդիպեցի տարիներ առաջ առողջապահության համակարգում, երբ ասում էի՝ ինչու չեք ավելացնում ոլորտի ֆինանսավորումը, ասում էին՝ այնտեղ կոռուպցիան այնքան շատ է, որ ինչքան էլ փող լցնես, կկորչի»,- ասում է փորձագետը:
Քյուրումյանը նաեւ հիշեցնում է, որ գործող իշխանությունները փակեցին գերատեսչություններին կից ԾԻԳ-երը, որտեղ որոշ չափով կենտրոնացված էին ոլորտի մասնագիտական կարողությունները։ «Սովորաբար դրա մասին չեն խոսում, բայց մեզ մոտ կարողությունների խնդիր կա, մենք լավ պրոջեկտ մենեջերներ` ծրագրերի պատասխանատուներ չունենք: Կհիշեք, 2013-ին ԱԺ-ում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե մենք դադարեցրել ենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը, երբ հարցրեցին՝ ինչու, պատասխանեց` պարզվեց, որ մենք չունենք բավականաչափ կարողություններ նման մեծածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր իրականացնելու համար: Դրանից հետո բան չի փոխվել»,- նկատում է փորձագետը:
Իսկ գործող կառավարությունն իր առջեւ հավակնոտ նպատակներ է դրել, օրինակ՝ մինչեւ 2026 թվականը կառուցել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ եւ նախակրթարան, վերանորոգել առնվազն 300 դպրոց, ճանապարհների վերականգնման աշխատանքները պահել տարեկան 500 կմ սահմաններում։
Կապիտալ ծախսերի նման դանդաղ իրականացման պայմաններում իշխանությունները կարո՞ղ են իրականացնել այդ ծրագրերը։ Ունե՞ն այդ կարողությունները, մասնագետներն ու ընդհանրապես աշխատուժը: «Այո, դա բարդ խնդիր է»,- խոստովանում է Պապոյանը:
Վերջինս, այնուամենայնիվ, հույս ունի, որ ժամանակի ընթացքում երբ պետությունը կայուն պատվերներով կապահովի ոլորտին, արտագաղթած մասնագետներն ու գործարարները կվերադառնան հայրենիք: Եվ բյուջեի ծախսերը, միգուցե, հնգամյա ծրագրի կատարման ընթացքում չեն թերակատարվի: Թե չէ տխուր կլինի տեսնել, որ կառավարությունն առանց այդ էլ սեղմ միջոցները չի ծախսում, որովհետեւ չի կարողանում արդյունավետ ծախսել ու այդպիսով հենց ինքն է դանդաղեցնում տնտեսության զարգացման տեմպերը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։