«Թալիբան» շարժումը երեքշաբթի ուշ երեկոյան Քաբուլում հրապարակել է Աֆղանստանի նոր կառավարության կազմը։
Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Թալիբանի» հիմնադիրներից մեկը՝ 90-ականներին Աֆղանստանի արտգործնախարար եւ փոխվարչապետ, մոլլա Մոհամադ Հասան Ախունդը։ Վերջին տարիներին նա Թալիբանի ներսում գործող ազդեցիկ «Առաջնորդների խորհրդի» ղեկավարն էր։
Աֆղանստանի կառավարության նորանշանակ անդամների զգալի մասի պես Ախունդը եւս ամերիկյան պատժամիջեցների ենթարկված աֆղանստանցիների ցանկում է։ Նա ՄԱԿ-ի սանկցիաների տակ է։
«Թալիբանի» հիմնադիր մոլլա Օմարի որդին՝ Մոլլա Մոհամադ Յաղուբը, նշանակվել է Պաշտպանության նախարար։
Ներքին գործերի նախարարը Սիրաջուդին Հաքանին է՝ ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հաքանիի ցանցի» ղեկավար Ջալալուդին Հաքանիի որդին։
Միացյալ Նահանգներին մտահոգել է Աֆղանստանի կառավարության նոր կազմը։ Սպիտակ Տունը նշել է, որ թեեւ սա ժամանակավոր կաբինետ է, հայտարարված ցուցակում բացառապես «Թալիբան» շարժման անդամների կամ նրանց մերձավորների անուններն են, եւ ոչ մի կին չկա։ ԱՄՆ-ն ընդգծել է, որ թալիբներին կդատի ոչ թե խոսքով, այլ՝ գործողություններով։
Թալիբների խոսնակն էլ շեշտել է, որ «գործող» կաբինետը ձեւավորվել է աֆղանստանցի ժողովրդի կարիքներին համապատասխան։