Նիկոլ Փաշինյանը քաղքենի է եւ այդպիսին է ընկալում յուրաքանչյուրին։ Նա սեփական մանկության հետ անգամ խնդիրներ ունի եւ այդպիսին է տեսնում յուրաքանչյուրի մանկությունը։ Նա կառավարության նիստում խոստանում է, որ թեպետ «երգել-պարելու» տրամադրություն չկա, բայց Անկախության տոնի առթիվ Հանրապետության հրապարակում լինելու է «մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն»։
Այսինքն, կյանքը շարունակվում է եւ չպետք է ուրախություններին «տոռմուզ» տալ 4300 զոհի պատճառով։ Հասկանո՞ւմ եք, կյանքը շարունակվում է, ի՞նչ եք առաջարկում՝ նստենք տանն ու ողբա՞նք, թուրքին ցույց տանք, որ պարտությունը կոտրե՞լ է մեր ոգին։ Եվ այս ամենն ամփոփում են հետեւյալ ունիվերսալ մտքով՝ բոլոր երկրներում էլ ամեն ինչից անկախ նշում են Անկախության տոնը։ Պետությունը կա՞։ Կա։ Նրա քաղաքացիները կա՞ն։ Կան։ Ուրեմն ինչու՞ չպետք է հիշենք Անկախության օրը։
Եկեք պայմանավորվենք։ Անկախության օրը նոյեմբերի 9-ից հետո հիշվում է ամեն օր, հատկապես Հայաստանի տարածքների կորստից ու միջանցքի մասին խոսակցություններից հետո, Անկախության օրը հիշվում է Իլհամ Ալիեւի գրեթե ցանկացած հայտարարությունից հետո, Անկախության օրը հիշվում է, երբ Պաշտպանության նախարարը մեր զինվորներին կոչ է անում սպանել Հայաստան ներխուժող ադրբեջանցի զինվորին, բայց սպանվում են մեր զինվորները, իսկ նրանք քեֆ են անում Սեւ լճում, Անկախության օրը հիշում ենք, երբ չգիտենք, թե ում ապավինենք, որ մեր գերիներին տուն վերադարձնի, Անկախության օրը հիշում ենք, երբ մտածում ենք, թե ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ եւ ինչու այն կարող էր տեղի ունեցած չլինել։ Գուցե ամեն հիշելուց մեր հագին ուրիշ հագուստ է եւ ամեն հիշելիս դրանք տարբեր գույնի են, բայց մենք հիշում ենք, ոչ թե որովհետեւ թունդ հայրենասեր ենք, այլ չունենք շատ հարցերի պատասխաններ։
Աջից ու ձախից կարելի է լսել՝ բայց հարսանիքներ անում են, չէ՞, ընդ որում նույնքան մասշտաբային ու գունավոր, մարդիկ ուրախանում են, չէ՞։ Միայն Գառնիի հարսանիքը հերիք է, չէ՞, որ սեպտեմբերի 21-ին էլ մարդիկ ուրախ լինեն։ Ընկերներ, ձեզ չեն առաջարկում այդ օրը ողբալ։ Ձեզ չեն առաջարկում մասշտաբային ու գունագեղ ոչինչ չանել։ Ձեզ չեն առաջարկում այդ օրը եկեղեցիներում հոգեհանգստյան պատարագներ անել։ Բայց դուք այսօր լսե՞լ եք ՄԻՊ-ի զեկույցը մեր գերիների մասին, որոնք «մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավել մնան բանտերում»։ Գուցե դրա արդարացումն այն է, որ նրանք այսպես թե այնպես կվերադառնան։ Բայց դուք նաեւ տեսնում եք այն գինը, որը վճարում է մեր Անկախությունը իշխանությունների պատճառով։ Ու ոչ միայն իշխանությունների։
Բանն այն է, որ մասշտաբային ու գունագեղ լինում են այն միջոցառումները, որտեղ իշխանությունը միշտ առաջին պլանում է։ Նիկոլ Փաշինյանն այդ օրն ուզում է լինել առաջին պլանում։ Եվ եթե նույնիսկ չի լինելու, այդ օրն, ըստ իս, տոնակատարության օր չէ գոնե այս տարի։ Այդ օրը սոսկ իմաստավորման օր է, այդ օրը զոհերի ու գերիների հարազատներին մասշտաբային այցելելու եւ հարգանքի տուրք մատուցելու օր է։ Թե չէ տոնակատարությունները թատրոն են առանց դրամայի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: