ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւը զոհվել է մասնագիտական պարտքը կատարելիս։ Նորիլսկում արտակարգ իրավիճակներից պաշտպանության միջգերատեսչական զորավարժությունների ժամանակ 55-ամյա նախարարը եւ օպերատորը կանգնած են եղել ջրեզերքին: Օպերատորը սայթաքել եւ ջուրն է ընկել: Նախարարը նրան փրկելու համար նետվել է ջուրը, բայց մեծ բարձրությունից ընկել է ցցված քարին ու մահացել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել նախարար Եվգենի Զինիչեւի մահվան կապակցությամբ։ Պեսկովը նշել է, որ նրանք երկար տարիներ աշխատել են միասին։ Պուտինը Զինիչեւի ողբերգական մահը ծանր կորուստ է համարել։
Եվգենի Զինիչեւը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում էր 2018-ի մայիսի 18-ից։ 2020-ին նրան բանակի գեներալի կոչում էր շնորհվել:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը:
Թարմացում.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին՝ Եվգենի Զինիչեւի մահվան կապակցությամբ:
ՀՀ ԱԻ Նախարարն ընդգծել է, որ Զինիչեւի անցած ուղին եւ մինչեւ վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանն ու մասնագիտությանը հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են եւ հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, որոնք նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն: