ՀՀ ԱԺ Անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկումներով արտահերթ նիստերը դիտելը բավական ճիգեր է պահանջում, բայց արժի զինվել համբերությամբ ու տեսնել մեր հասարակական-քաղաքական կյանքի տրամաբանության արտացոլքը։
Քննարկման ընթացքում տարօրինակ ու անտրամաբանական պնդումների ու կարծիքների պակաս չկար, իհարկե, բայց նիստի ընթացքում հնչեց մի միտք, որ առանցքային նշանակություն ունի ոչ միայն այդ հանձնաժողովի անդամների մտածողությունը հասկանալու, այլ նաեւ մեր ողջ քաղաքական դաշտի առանձնահատկությունն ըմբռնելու տեսանկյունից։
Ի պատասխան այն հարցի, թե արդյոք «Հայաստան» դաշինքի առաջնորդը կիսում է Արթուր Ղազինյանի այն կարծիքը, որ Ղարաբաղը 1998-ից բանակցային գործընթացից դուրս թողնելը պետական դավաճանություն է, Ղազինյանը նախ պնդեց, թե տարեթիվ է շփոթել ու խոսքը 1997-ի մասին է, հետո էլ ավելացրեց. «Ես կարծում եմ, որ մեր դաշինքի ղեկավարը չի առարկի, եթե մենք ՈՐՈՇԵՆՔ, որ առաջին նախագահի ժամանակ որոշում է կայացվել Արցախը դուրս թողնել բանակցությունների պրոցեսից»։
Այս պնդումը ճիշտ եւ ճիշտ արտացոլում է մեր պատմության ու քաղաքականության հանդեպ այս մարդկանց որդեգրած գործելաոճը․ չկան փաստեր ու իրողություններ, կան ՈՐՈՇՈՒՄՆԵՐ՝ այս կամ այն ցանկությունը փաստ ու իրողություն հռչակելու։
Այսպես, իր իսկ պնդմամբ, եթե ուզեն, կարող են որոշել, որ Տեր-Պետրոսյանն է Ղարաբաղը բանակցային պրոցեսից դուրս բերողը։ 1998-ին ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՆ ներկայացված հակամարտության կարգավորման պլանները չեն կարող բավարար ապացույց լինել, որ իրենց ՈՐՈՇՈՒՄՆ անհիմն է։
Նույն կերպ, ժամանակին մի խումբ հասարակական գործիչներ, որոշել էին, որ կարելի է արհամարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը եւ Ղարաբաղի հարցը կարգավորել «Շուշիի հռչակագրով»։ Ինչ փույթ, որ այն որեւէ իրավական ուժ չուներ, կարեւորը իրենք որոշել էին, որ այդ փաստաթղթով կարելի է առաջնորդվել։
Հայրենասիրական ոգով ներծծված որոշում էր նաեւ «Քարվաճառի հռչակագիրը», որ նույնպես անտեսում էր բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունն ու հեղինակների երազանքներն էր ամփոփում իր մեջ՝ դրանք որպես փաստ ներկայացնելով։
Պատմության ու ներկայի վրա աչք փակելու ու երեւակայական իրականության ստեղծման այս գործելաոճը շարունակեցին նաեւ ներկա իշխանությունները․ որոշեցին, որ Մյունխենյան վեց կետով յոթ սարի ետեւում կհայտնվեն իրական փաստերն ու իրողությունները։
Դե, իսկ Վիլսոնյան քարտեզի ու Կուր-Արաքսյան հանրապետության վերաբերյալ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ մասին լռում եմ։
Որոշումների վրա կառուցված պատմության ընկալումն, այսպիսով, դեռ շարունակում է մեր ժամանակի ուղեկիցը լինել։ Մնում է հուսալ, որ մի օր երկու թեւերը չեն որոշի, որ մեր նորագույն պատմությունը սկսվում է 1998 կամ 2018 թվականներից՝ համապատասխանաբար, եւ կբավարարվեն միայն քաջնազարյան «թող այսուհետ կարգ լինի՝ սարերը դաշտերից բարձր լինեն» որոշումներով։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։