Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 19-22-ը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ։ Թուրքական մամուլն ընդգծել է, որ Էրդողանի այդ այցը չափազանց կարեւոր է։ Այցի շրջանակում Թուրքիայի նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որտեղ ներգաղթի, կլիմայի փոփոխության եւ ահաբեկչության թեմայով մի շարք ուղերձներ կհղի: Էրդողանը նաեւ կմասնակցի ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց կառուցված «Թուրքական տան» բացման արարողությանը:
ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են Էրդողանի երկկողմ հանդիպումները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Խաիմ Հերցոգի հետ:
Հունիսին Էրդողանը հայտարարել էր, թե իր ամերիկացի գործընկերը Թուրքիա այցելելու ցանկություն ունի։ ԱՄՆ եւ Թուրքիայի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 14-ին, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, որի ժամանակ քննարկվել են ռուսական S-400 համակարգի հարցն ու իրավիճակն Աֆղանստանում։
Թուրքիայի նախագահը հոկտեմբերի վերջին էլ թերեւս Հռոմ կմեկնի։ Այսօր Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Դրագին Էրդողանին հրավիրել է հոկտեմբերին Հռոմում անցկացվելիք Մեծ քսանյակի (G-20) առաջնորդների գագաթնաժողովին, որը նախագահելու է Իտալիան։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Իտալիա հարաբերությունները եւ տարածաշրջանային խնդիրները։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարեւորում է երկկողմ հարաբերությունները եւ նույնպիսի պատասխան ակնկալում ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակից Իտալիայից։
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Դրագին Էրդողանին անվանել էր «բռնապետ», սակայն ընդգծել, որ հանուն երկրի շահերի պետք է պատրաստ լինել համագործակցության։ «Պետք է գտնենք ճիշտ բալանսը»,- շեշտել էր Դրագին։