Ես պատվաստվել եմ։ Կարող եմ նույնիսկ QR կոդի նկարն այստեղ տեղադրել։ Բայց, կարծում, եմ առանց դրա էլ կհավատաք։ Պատվաստվել եմ ինքնակամ։ Ոչ մեկը ինձ չի խնդրել, խորհուրդ չի տվել, առավել եւս՝ չի պարտադրել։ Դա իմ կամավոր որոշումն է եղել։ Եվ պատվաստումից հետո էլ հայտարարել եմ, որ ինձ իրավունք չեմ վերապահի որեւէ մեկին խորհուրդ տալ, խնդրել, առաջարկել, կոչ անել, առավել եւս՝ պարտադրել, որ պատվաստվի։ Որովհետեւ համոզված եմ եղել եւ համոզված եմ, որ դա պետք է լինի յուրաքանչյուրի կամավոր եւ գիտակցված որոշումը։
Սակայն արի ու տես, որ հայրենի կառավարությունն այլ կերպ է մտածում։ Կառավարության անդամները հայտարարում են, թե պարտադրանք չկա, սակայն սահմանում են, որ յուրաքանչյուր աշխատող, որը չի պատվաստվել, պարտավոր է 15 օրը մեկ թեստ հանձնել։ Ընդ որում՝ իր հաշվին։
Ասենք, ամսական 70 հազար դրամ վաստակող հավաքարարը, որը չի ուզում պատվաստվել, դրա հալալ կեսը պիտի տա թեստավորմանը։ Կամ էլ գործատուն պիտի տուժի։
Կամ, ասենք, հեռավար աշխատողը, որը ոչ մեկի հետ չի շփվում, ինչո՞ւ պիտի պարտադրված լինի պատվաստվելու։
Ես չեմ մեկնաբանելու առողջապահության նախարարի շատ ու շատ ասածներն այս առիթով։ Չեմ մեկնաբանելու անգամ ԿԳՄՍ նախարարի այն հայտարարությանը, թե «պարտադիր, չի նշանակում… ստիպողական»։
Ես անդրադառնալու եմ միայն այն պատճառաբանությանը, թե այդպես է նաեւ բոլոր առաջադեմ երկրներում։
Հայրենի իշխանություններն այս՝ «այդպես է բոլոր երկրներում» — ը վահան են դարձրել իրենց շատ ու շատ, երբեմն՝ անհեթեթ, ձեռնարկումներն արդարացնելու համար։ Ու հիմա ես միայն ուզում եմ ասել՝ եթե առաջադեմ երկրների օրինակը վարակիչ է, ինչո՞ւ այլ բաներում չեք ընդօրինակում։
Օրինակ, ձեր ասած առաջադեմ երկրներում խորհրդարանի խոսնակը ձայնից չի զրկի ընդդիմադիր պատգամավորին միայն վարչապետի (իր ընկալմամբ՝ «շեֆի») հասցեին «կապիտուլյանտ» բառն օգտագործելու համար։ Որովհետեւ այդ երկրի խորհրդարանի ղեկավարը գիտի, որ դա ընդամենը տվյալ պաշտոնյայի գործողությունների գնահատական է եւ ոչ թե վիրավորանք։
Այլ երկրում (Թուրքիան օրինակ չբերեք) վարչապետը պատգամավորական ցուցակ չի մտցնի մեկին, որի միակ առավելությունն իր աներձագ լինելն է։ Կամ էլ՝ գոնե կխնդրի լռել, մեջ չընկնել, խոսք չասել եւ կռվի չբռնվել, որ առավել ցցուն չդառնա պատգամավորական աշխատանքին նրա անպիտանությունը։
Այլ երկրում պատգամավոր չի դառնում մեկը, որը հանրային վայրում լրագրող է ծեծել ու չի պատժվել։ Իսկ մեզ մոտ էդ մեկը ոչ միայն պատգամավոր է դարձել, այլեւ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոն է ստացել իբրեւ պարգեւատրում։
Ուրիշ, նորմալ երկրում պատերազմում պարտված, չորս հազար զոհ տված երկրի խորհրդարանի նախագահը չի «տժժում» հունաստաններում։ Իսկ «տժժալը» բացահայտվելու դեպքում էլ՝ հրաժարական է տալիս։ Բարոյականության խնդիր է։ Իսկ մերը չի տա հրաժարական։ Որովհետեւ նրա համար երկիրը քեֆատեղ է, պաշտոնը՝ քեֆ քաշելու հնարավորություն եւ ոչ թե պատասխանատվություն։ Եվ ամենակարեւորը՝ այդ քեֆ քաշելու իրավունքը «վաստակել է», քանի որ լավագույնս է կատարել եւ կատարում բոլորին լռեցնելու «շեֆի» հրամանը։
Ուրիշ, նորմալ երկրում խորհրդարանի խոսնակը չէր սահմանափակի լրագրողների աշխատանքը՝ «անվտանգության» անհեթեթ պատճառաբանությամբ։ Եվ ուրիշ երկրում լրագրությունից միանգամից խորհրդարանում հայտնված մեկը կընդվզեր խոսնակի որոշման դեմ եւ «ադաբրյամս» չէր անի այդ որոշումը, ինչ է թե հանձնաժողովի նախագահի պաշտոն է ստանում, «կաբինետ» ու բարձր աշխատավարձ… Իսկ հանձնաժողովի նախագահի «կաբինետից», բնական է, աշխարհն այլ տեսք ունի, մանավանդ եթե վարձատրությունը չեն ուշացնում։
Շարունակե՞մ թվարկումը։
Խնդրեմ. ուրիշ՝ նորմա՛լ երկրում պարտություն կրած պետության առաջին դեմքը, որ իր երկրի անկախության գլխավոր բաղադրիչը՝ անվտանգությունը, հանձնում է օտարին ու դեռ ուրիշ օտարների էլ է հրավիրում, թե՝ եկեք հսկեք մեր «ամայի տարածքները», անկախության օրը չէր հռչակի, «հիշատակի մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն» անցկացնելու օր՝ առանց հասկանալու, որ հիշատակն ու գունագեղը անհամատեղելի են։
Կարո՞ղ է կարծում է անկախությունն արդեն հուշ է ու նրա հիշատակն է հարգելու էդ «գունագեղ» միջոցառմամբ։
Հ. Գ. Տեսա՞ք, Քովիդի դեմ պատվաստումի պարտադրանքի արդարացման դեմ ընդվզելը մեզ մինչեւ ուր հասցրեց։ Բայց հասկացա՞ն արդյոք նրանք, ում ուղղված էին այս օրինակները։ Կասկածում եմ։ Վաղուց արդեն ցույց են տվել, որ ոչ մի բանական միտք չի պտտվում նրանց իշխանատենչ գանգատուփերում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։