«Ֆիզգորոդոկի» բնակիչներն ահազանգել են տարածքում ծառերի ոչնչացման մասին։
«Հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար եւ պետք է վերադարձվի հանրությանը: Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչեւ գործի քննության ավարտը: Անհապաղ»,- ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել են ակտիվիստները՝ հարցի վրա հրավիրելով ՀՀ Գլխավոր Դատախազության, Շրջակա միջավայրի նախարարության եւ Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը:
«Ֆիզգորդոկ» կոչվող գիտավանի բնակիչները բողոքում են տարածքում բազմահարկ շենքի ապօրինի շինարարության դեմ։ Նրանք մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ:
Շինարարության հարցով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչեւ կավարտվի գործի քննությունը։