Ըստ Դանիայի ռադիոյի՝ Դանիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ից չեղարկել են կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ մտցված բոլոր սահմանափակումները: Վերջին սահմանափակումների վերացմամբ ավարտվում է 18 ամիս տեւած ժամանակաշրջանը, երբ Դանիայում անհրաժեշտ էր դիմակ դնել, օգտագործել քովիդ անձնագրեր եւ պահպանել միջոցառումների մասնակիցների թվի սահմանաքանակը:
Ազգային կլինիկայի վարակաբան պրոֆեսոր Ենս Լունդգրենը նշել է, որ կորոնավիրուսային վարակն այլեւս երկրում չի համարվում խիստ վտանգավոր հիվանդություն: Ըստ նրա՝ բնակչության պատվաստումն արդյունավետ միջոց է դարձել համավարակի տարածումը զսպելու առումով, ուստի լուրջ հետեւանքների ռիսկը նվազել է: Այլ կերպ ասած, կորոնավիրուսը դադարել է խնդիր լինել հասարակության մակարդակով:
Դանիայում առաջին սահմանափակումները մտցվել էին անցյալ տարվա մարտի 11-ին. սահմանվել էր դիմակ դնելու պարտադիր ռեժիմ, բնականոն կյանքը գործնականում կաթվածահար վիճակում էր: Դրանով հանդերձ, մասնագետները պնդում են, որ առայժմ վաղ է խոսել համավարակի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին, քանի որ դեռ ժամանակ կպահանջվի գնահատելու համար՝ ինչպես իրեն կդրսեւորի վիրուսը հետագայում, եւ որքանով արդյունավետ կլինի պատվաստումը: