Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը հրապարակել է 2020-ին աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած 25 երկրների անունները՝ ըստ հրապարակված ռազմական ծախսերի բաց տվյալների։
Ամբողջ աշխարհում բանակների վրա 2020-ին ծախսվել է 1 տրիլիոն 981 միլիարդ դոլար։ 1998-ից ի վեր ռազմական ծախսերն ավելացել են, իսկ 2019-ի համեմատ 2020-ին գրանցվել է 2,6 տոկոս աճ։ Աշխարհում բանակների վրա կատարված ընդհանուր ծախսը կազմել է համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,4 տոկոսը։
Ցուցակը գլխավորել է ԱՄՆ-ն՝ 778 միլիարդ դոլարով, նրան հաջորդել են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Միացյալ Թագավորությունը։ 25-րդ տեղում Ինդոնեզիան է՝ 9,4 միլիարդ դոլար ռազմական ծախսով։ Թուրքիան այդ ցանկում 16-րդ հորիզոնականում է: