ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային համայնքին հորդորել է շարունակել երկխոսությունը թալիբների հետ եւ կանխել պատերազմներից քայքայված Աֆղանստանում տնտեսական կաթվածի վտանգը:
«Մեր պարտքն է համերաշխություն հայտնել մեծագույն տառապանքներ կրած ժողովրդին մի երկրում, որտեղ միլիոնավոր մարդիկ սովամահության են դատապարտված»,- AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է Գուտերեշը:
Բանակցելու փորձեր
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին 200 միլիոն յուանի (շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կտրամադրեն: Նախարարն ընդգծել է, որ տրամադրվող գումարը կօգտագործվի առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղամիջոցների ու պատվաստանյութերի գնման նպատակով:
«Անհրաժեշտ պայմանների ի հայտ գալուն պես, նաեւ անվտանգության ոլորտում, Չինաստանը կօգնի Աֆղանստանին՝ ժողովրդի բարօրությանն ուղղված նախագծերի վերականգնման ու իրականացման հարցում»,- հավելել է Չինաստանի արտգործնախարարը:
Ուզբեկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Ուզբեկստանը ողջունում է Աֆղանստանում ժամանակավոր կառավարության ձեւավորումը եւ հուսով է, որ այնտեղ լայնամասշտաբ ներազգային համաձայնություն, հաստատուն խաղաղություն ու կայունության կհաստատվի: Ուզբեկստանը պատրաստ է նաեւ Աֆղանստանի նոր պետական օրգանների հետ կառուցողական երկխոսություն վարելու եւ նպաստելու փոխգործակցության զարգացմանը: