Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «YES Brainstorming» ֆորումի ժամանակ հայտարարել է, որ հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի բռնկումը:
Նա նշել է, որ իր կարծիքով պատերազմի հնարավորությունը շատ մեծ է: «Դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը, դրանից հետո երբեք գոյություն չեն ունենա հարեւանական հարաբերություններ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ»,- ասել է Զելենսկին, հավելելով, սակայն, որ համատեղ ջանքերի գործադրման դեպքում երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար կարող են բարելավվել:
Ուկրաինայի նախագահը պնդել է, որ պետությունները թշնամիներ են դարձել Մոսկվայի գործողությունների պատճառով։ Զելենսկին ընդգծել է, որ խնդիրը Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականության՝ Ուկրաինայի ինքնուրույնության հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ է։
Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպասվելիք երկխոսությունը չափազանց բարդ է լինելու։ Ըստ Կուլեբայի՝ երկու երկրների առաջնորդները ստիպված են լինելու քննարկել մի շարք խճճված հարցեր եւ հենց դրա գիտակցումն է, որ խոչընդոտ է դառնում նախագահների հանդիպման կազմակերպման ճանապարհին։
Թարմացում.
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը նույնիսկ արժանի չէ ուշադրության:
«Մենք սովոր ենք ռուսատյացությամբ լցված այդ գռեհիկ հայտարարություններին»,- ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին, որն իշխանության է եկել բոլորովին այլ կարգախոսներով եւ աջակցություն է ստացել նաեւ Ուկրաինայի արեւելքում, այժմ հայտարարում է, թե նա, ով ապրում է Ուկրաինայում եւ իրեն ռուս է համարում, պետք է մեկնի Ռուսաստան: