China Daily պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի մասին, որում ընդգրկված են երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Հարավային Կորեա, Իտալիա, Ճապոնիա եւ այլն: Օտարերկրյա երաժիշտներից մեկն էլ մեր հայրենակից Աստրիդ Պողոսյանն է։
Աստրիդը 16 տարեկան էր, երբ 2009 թվականին Շանհայի կոնսերվատորիայի ջութակի դասարանում սովորելու կրթաթոշակ ստացավ։ 2017-ին, մինչ մագիստրոսի որակավորում էր ստանում, Չինաստանի կառավարությունն ընդունեց մի ծրագիր, որն այլ երկրներից եկած ուսանողներին Չինաստանում մնալու եւ աշխատելու թույլտվություն է տալիս:
Պողոսյանը որոշեց մնալ։ Աշխատանք ստացավ Շանհայի սիմֆոնիկ նվագախմբում որպես նվագախմբի նախագահ Ժոու Պինգի օգնական: Նվագախմբի կառավարման համակարգում նա առաջին ոչ չինացի աշխատակիցն է:
«Եկել էի երաժշտություն սովորելու, բայց չէի սպասում, որ աշխատանք կգտնեմ եւ այստեղ կապրեմ»,- ասում է 28-ամյա Պողոսյանը։ Նա ծնվել եւ մեծացել է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում: Շանհայ տեղափոխվելուց հետո չինացի ուսուցիչը նրան տվեց Xing Xing անունը՝ չինարեն «աստղ»:
Պողոսյանը Չինաստանի մասին առաջին անգամ լսել էր մորից։ Նա այդ երկրից աղջկա համար բերել էր կարմիր եւ սպիտակ տարազով մի տիկնիկ: Մայրն է մանկուց նրան խրախուսել երաժշտություն սովորել։ «Ես ունեմ երկու ավագ քույրեր, նրանք սովորում էին դաշնամուր եւ ջութակ: Մենք տանը դաշնամուր ունեինք, որը ես կարող էի նվագել ցանկացած ժամանակ, բայց ջութակ նվագող քույրս թույլ չէր տալիս իր գործիքին դիպչել, ինչն ինձ մոտ նվագելու ավելի մեծ ցանկություն էր առաջացնում»,- ասում է Աստրիդը:
Շանհայի կոնսերվատորիայում սովորելու ընթացքում նա ծանոթացել է չինական դասական եւ ժողովրդական երաժշտության հետ, սիրել guzheng-ի՝ չինական քանոնի, հնչողությունը: Լսում էր նաեւ չինացի կոմպոզիտորների, այդ թվում, Հուանգ Զիի գործերը: «Երաժշտության ուժն այն է, որ հասկանալի է տարբեր ազգությունների մարդկանց»,- ասում է Պողոսյանը:
Ջութակի ուսուցչուհուն՝ Սյու Ուելինգին, Աստրիդն իր «չինացի մայրիկն» է համարում՝ աջակցության եւ հոգատարության համար:
Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի նախագահ Ժոու Պինգի կարծիքով՝ երաժշտական արվեստի աննախադեպ բարգավաճումը կապված է Չինաստանի արագ տնտեսական զարգացման հետ։
«Ստեղծվում են ավելի շատ սիմֆոնիկ նվագախմբեր, որոնք հնարավորություն են ստեղծում ոչ միայն չինացի, այլեւ աշխարհի այլ երաժիշտների համար։ Երաժիշտները տարբեր կենսագրություններ, բազմազան ոճեր ունեն, բայց նրանք լսում են միմյանց եւ գտնում ընդհանուր ձայն»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը