«Ներկայումս թե ՛ Հայաստանում, թե ՛ սփյուռքում բեւեռացված վիճակ է. պատերազմի հետեւանքները շատ ծանր եւ լուրջ են, սակայն նույնիսկ հիմա հայրենիք վերադառնալ ցանկացողների թվի աճ ենք նկատում»,- ասում է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն, ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար Վարդան Մարաշլյանը:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործունեության կարեւորագույն ուղղությունը հայրենադարձությունն է եւ Հայաստանի հետ Սփյուռքի հայրենակիցների կապի սերտացումը: Կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին 12 անհատների կողմից, որոնց մի մասը սփյուռքահայեր են, մյուսներն էլ՝ հայրենադարձներ, ովքեր սեփական փորձառությամբ են անցել այդ ուղին:
«Վերադարձ Հայաստան»-ի նպատակն է աջակցել այն մարդկանց, որոնք կամավոր եւ գիտակցաբար ցանկանում են բնակություն հաստատել Հայաստանում: Կազմակերպության համար առաջնային է նախեւառաջ ճիշտ ներկայացնել հայրենադարձության հնարավորությունները, այսինքն՝ հնարավորին չափ իրական պատկերացում տալ Հայաստանում ապրելու դժվարությունների մասին: Դրանից զատ ծանոթացնում են ոչ միայն հայրենադարձության, այլ նաեւ Հայաստանի հետ կապ ունենալու լավագույն ծրագրերին եւ հնարավորություններին։ Երկլեզու կայքում տեղ են գտնում անձնական փորձառությունները եւ հայրենադարձության հաջող օրինակները:
Հիմնադրամի 5 աշխատակիցներից 4-ը տեղափոխվել են Հայաստան մշտական բնակության՝ Ռուսաստանից, Բելառուսից, Կանադայից եւ Սիրիայից: Նրանք խոսում են խնդիրներից, կիսվում սեփական փորձով, պատմում՝ ինչպես են հաղթահարել դժվարությունները եւ ըստ այդմ օգնում նորեկներին՝ աշխատանք գտնելու եւ ինտեգրվելու հարցերում:
Կազմակերպությանը դիմում են տարեկան հազար հոգի, մեծ մասը՝ 25-ից 40 տարեկան, հիմնականում բարձագույն կրթությամբ: Ռուսաստան, Պարսկաստան, ԱՄՆ, Կանադա, Սիրիա, Լիբանան, սրանք այն երկրներն են, որտեղից հիմնականում հայրենադարձվում են:
Հայրենիք վերադարձողների մի մասը նախկինում Հայաստանում ապրածներն են, մյուսն էլ՝ այն մարդիկ, որոնք այստեղ չեն ծնվել եւ երբեւէ չեն ապրել: Հիմնադրամի տնօրենի խոսքով, հայրենադարձների 80 %-ը գալիս են այստեղ ընդմիշտ հաստատվելու նպատակով: Նրանց շրջանում հարցում է իրականացվել, եւ չնայած տարբեր երկրներից են, Հայաստանում ապրելու խնդիրների եւ առավելությունների մասին բոլորն էլ հիմնականում նույն տարբերակներն են նշել: Առաջնայինը` ապրուստի ապահովումն է, երկրորդը՝ լեզվի հետ կապված հարցերն են՝ արեւելահայերենին ընդհանրապես չտիրապետելը կամ դժվար ադապտացվելը: Նաեւ որոշ հարցեր կան կրթական համակարգի եւ ինտեգրման գործընթացների հետ կապված: Հայրենադարձների զգալի մասը նշել է, որ թեեւ Հայաստանում ապրուստ ապահովելը ավելի դժվար է, քան այլ երկրներում, բայց այդ հարցը լուծված լինելու դեպքում կարող են իրենց ավելի երջանիկ զգալ:
Անդրադառնալով այն հարցին, թե հայրենադարձներն ինչու են տեղափոխվում Հայաստան, Վարդան Մարաշլյանն ասում է. «Ըստ իրենց՝ հայրենիք վերադառնում են, որովհետեւ ցանկանում են երկրի կայացման գործընթացին մաս կազմել, ուզում են ապրել ֆիզիկական անվտանգ միջավայրում, ուր երեխաներին կարող են թույլ տալ հանգիստ միայնակ փողոց դուրս գալ: Նաեւ շատ ոլորտներում դառնում են առաջատար, այսինքն՝ օվկիանոսում «փոքր ձուկ» լինելու փոխարեն, այստեղ նրանք դառնում են «մեծ ձուկ» փոքր լճում։ Հայրենադարձությունը եւ Հայաստանում ապրելը 50 մետրանոց վազք չէ, 40 կիլոմետրանոց մարաթոն է՝ բազում դժվարություններով հանդերձ»:
«Վերադարձ Հայաստան»-ը հայրենիք վերադարձողներին աջակցելու եւ նրանց ինտեգրմանն ուղղված ծրագրեր է իրականացնում է, սակայն հայրենադարձության համար կարեւոր է համապատասխան միջավայրի ձեւավորումը . «Ցավոք, հայրենադարձությունն այսօր օրակարգային հարց չէ թե ՛ Հայաստանում, թե ՛ սփյուռքում: Խոսքը օրենքի մասին է, կարգավիճակի մասին, չկա աջակցման համակարգ եւ փաթեթ, որը պետությունը պետք է տրամադրի»,-ասում է Վարդան Մարաշլյանը: Հիմնադրամի տնօրենի խոսքով, չկա հստակ սահմանում, թե ով է հայրենադարձը, չկա նաեւ վիճակագրություն, «հայրենադարձը», «վերադարձողը» եւ «փախստականը» տարբեր կատերգորիաներ են:
Հայրենադարձության մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար պատերազմից առաջ «Վերադարձ Հայաստան»-ը եւ պետական կառույցները համատեղ աշխատանքային խումբ էին ստեղծել: Աշխատանքները շուտով պատրաստվում են վերսկսել:
«Կարեւոր է, պահպանել հայությունը ոչ միայն էթնիկական իմաստով, այլ նաեւ քաղաքացիության հիման վրա: Փորձել վերադարձնել այն մարդկանց, որոնք 1991թվականից հետո լքել են մեր երկրիրը՝ եզդիները, հույները, ռուսները, ուկրաինացիները, հրեաները, ասորիները: Նույնիսկ եթե նրանք չտեղափոխվեն Հայաստանում ապրելու, այնուամենայնիվ, կզգան, որ իրենց նկատմամբ պետությունը հատուկ ուշադրություն ունի եւ այդ դեպքում փոխադարձաբար մենք եւս սոցիալական եւ տնտեսական աջակցություն, նաև հնարավոր է ներդրումներ ստանանք իրենց կողմից»,-նշում է Վարդան Մարաշլյանը:
Հիմնադրամի տնօրենը կարեւորում է ներկայումս հայաստանակենտրոն ազգի ձեւավորումը. «Հայաստանը պետք է դառնա հայկականության կենտրոն: Մարտահրավերները բարդ են եւ շատ լուրջ, այդ պատճառով հարկավոր է պետության քաշային կատոգորիան բարձրացնել թե՛ դեմոգրաֆիական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ ինքնության պահպանման տեսանկյունից: Սակայն, այս ամենը Հայաստանը միայն իր ուժերով չի կարող անել, միակ իրական ու հավատարիմ դաշնակիցը սփյուռքն է, որի նկատմամբ պետք է այլ՝ ավելի հոգատար եւ ուշադիր մոտեցում ցուցաբերել»: