Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարեւանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:
Ըստ «Azariha» հեռուստաալիքի՝ Խաթիբզադեն նշել է, որ Թեհրանը հավասարակշռված է, բայց միեւնույն ժամանակ հաշվի առնելով իր առաջնահերթությունները՝ փորձում է ընդլայնել հարաբերությունները բոլոր հարեւան երկրների հետ:
«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության եւ կայունության համար՝ բոլոր հարեւանների մասնակցությամբ։ Մասնավորապես օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաեւ մեր մյուս հարեւանների հետ»,- ընդգծել է Խաթիբզադեն:
Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է` կանգնեցնում է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները, ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Տարբեր աղբյուրներ նշում են, որ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 130-250 դոլար են պահանջում:
Իրանցի վարորդներին ստիպում են տուրք վճարել
Ըստ «ՍիվիլՆեթի»՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները կանգնեցրել են իրանական բեռնատարների վարորդներին՝ տեղեկացնելով, թե իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք եւ պահանջել դրա համար վճարել կանխիկ 130 դոլար (մոտ 64 հազար դրամ)։
Ադրբեջանցի ոստիկանները վերցրել են գումար չունենալու պատճառաբանությամբ վճարելուց հրաժարված վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները եւ պահանջել գումարը վերադառնալիս վճարել։
Ըստ նույն աղբյուրի՝ Կարմրաքարի, ինչպես նաեւ Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։