ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում հայտարարել է, որ վավերականության ժամկետը լրացած անձնագրերով քաղաքացիներն առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք չեն ունենա։
«Վերջին փոփոխությունների համաձայն, որը կիրառվելու է այս ՏԻՄ ընտրություններում, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներգրավվի ընտրական ցուցակներում»,- ասաց նա` հավելելով, որ կարգը, թե ովքեր պետք է ընդգրկվեն ընտրական ցուցակներում, սահմանված է օրենքով։ Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխությունն արվել է 2021-ի մայիսի 7-ին։
Գործող իշխանությունն այսպիսով փորձել է լուծել ընտրական ցուցակները արտերկրում բնակվող ու վաղուց Հայաստան չվերադարձած քաղաքացիներից «մաքրելու» խնդիրը, քանի որ, ինչպես նշել է Մուկուչյանը, եթե անձնագրի ժամկետը լրացել է, ու քաղաքացին չի դիմել նոր անձնագիր ստանալու, ենթադրվում է, որ Հայաստանում չէ ու տեւական ժամանակ չի վերադարձել։ Օրենքի փոփոխությունն ուժի մեջ է մտել միայն 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո, հետեւաբար այդ ընտրություններում ժամկետանց անձնագրերով քաղաքացիները դեռեւս իրավունք ունեին քվեարկելու։
ԿԸՀ նախագահը նշել է, որ ընտրական օրենսդրությունը սահմանել է նաեւ բավականին լայն գործիքակազմ ընտրական գործընթացը լիարժեք տեսնելու, վերահսկելու համար, մասնավորապես, ցուցակների՝ ըստ տեղամասերի հրապարակումը, դրանց՝ որոնման հնարավորությամբ մշտապես հրապարակված լինելը ԿԸՀ կայքում, ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը:
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։