ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին եւ Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն Սիլվեն Գիյոգեին: Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակցիներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Արարատ Միրզոյանն ընդունել է նաեւ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Միրզոյանն ու Կլաարը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատման համար կարեւոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռեւս պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ եւ անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաեւ հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։
Հայաստանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրեջանի զինված ուժերի անօրինական ներկայությունը, ԼՂ հակամարտության գոտում զորավարժությունների իրականացումը խաթարում են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը։