Կառավարության 2021-ի սեպտեմբերի 2-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» որոշմամբ՝ սեպտեմբերի 13-ը նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր:
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ Հայաստանը տարածաշրջանի բուսական եւ կենդանական աշխարհների ձեւավորման կարեւոր մարզերի հանգուցակետում է, ինչպես նաեւ միգրացվող կենդանիների եւ չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ է: Երկրի ոչ մեծ տարածքում՝ մոտ 30000 քառակուսի կիլոմետրում աճում են շուրջ 3800 տեսակի բարձրակարգ բույսեր, 428` հողային եւ ջրային ջրիմուռներ, 399` մամուռներ, 4207` սնկեր, 464` քարաքոսեր, բնակվում են 549 ողնաշարավոր եւ շուրջ 17200 տեսակի անողնաշարավոր կենդանիներ:
Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացված է ֆլորայի եւ ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված եւ էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը:
Հանրապետությունում գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը 387054 հեկտար է կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը:
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են 3 պետական արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող» եւ «Էրեբունի»), զբաղեցնում են 35439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը, 4 ազգային պարկ («Սեւան», «Դիլիջան», «Արփի լիճ» եւ «Արեւիք»), զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը, 232 բնության հուշարձան, 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին առավել մանրամասն կարող եք իմանալ առաջիկայում՝ «Ալիք Մեդիա Հայաստանի» էջում: