Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ սեպտեմբերի 13-ից Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար մեկնարկել է «Պատվաստվիր եւ հաղթիր» խաղարկությունը: Վիճակախաղին մեխանիկորեն մասնակցում են բոլոր պատվաստված անձինք` Վրաստանի ամբողջ տարածքով:
Վիճակախաղում ամեն օր խաղարկվելու է 100-500 լարի, ամեն շաբաթ՝ 1000, 5000 եւ 10000 լարի, իսկ տարեվերջին՝ վերջնական խաղարկության համար՝ 100000 լարի:
Վիճակախաղի համար ստեղծվել է հատուկ կայք:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 12-ին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 14703 մարդ: Մարտի 15-ից սկսած երկրում ընդհանուր հաշվով կատարվել է ավելի քան մեկ ու կես միլիոն պատվաստում:
Մեկ չափաքանակով պատվաստվել է 902457, ամբողջությամբ՝ 605529 մարդ: Մեկ չափաքանակով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 31,6 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 21,2 տոկոսը: Ըստ կառավարության ծրագրի` մինչեւ տարեվերջ Վրաստանում պետք է պատվաստվի չափահաս բնակչության 60 տոկոսը:
Վրաստանում պատվաստումներն իրականացվում են Pfizer, Sinopharm, Sinovac եւ AstraZeneca պատվաստանյութերով: