Որեւէ մեկը գոնե ինքն իրեն հարց տվե՞լ է, որ եթե ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու (վերամիավորելու) ղարաբաղյան Շարժումը համաժողովրդական կամ համահանրային էր, ի՞նչ կարիք կար ցույցերի հենց առաջին օրը Ստեփանակերտում ձեւավորելու «Կռունկ» կոմիտեն:
Ահա՝ ժողովուրդը, ահա՝ նրա ներկայացուցչական-սահմանադրական մարմինը՝ մարզային խորհուրդն ու իր գործադիր կոմիտեն, ահա՝ փետրվարի 20-ի նստաշրջանի որոշումը: Չկա «թուրք» Կեւորկով, չկա Բաքվի դրածո Օսիպով, հայկական բոլոր շրջանների ղեկավարությունը ժողովրդի հետ է, Ստեփանակերտի կուսքաղկոմը՝ նույնպես: ԽՍՀՄ Գերագույն խորհրդում ԼՂԻՄ-ն ունի պատգամավորներ: Նրանք օրինական ընտրված, արցախահայությունից իր շահերը պաշտպանելու մանդատ ստացած պաշտոնական ներկայացուցիչներ են:
Իսկ ո՞վ է կազմավորել «Կռունկ» կոմիտեն: Ստեփանակերտի հրապարակը՝ «աթենական դեմոկրատիայի» սկզբունքով: Հնչել են մի քանի տասնյակ անուններ, հետո ինչ-որ մարդիկ, որոնց ոչ ոք նման լիազորություն չի տվել, նայել են ցուցակը, Պողոս Պետրոսյանի եւ Կիրակոս Մարտիրոսյանի դիմաց խաչ են դրել, ոչ ցանկալիներին ջնջել: Եվ ստացվել է Շարժման «ղեկավար մարմին»:
Հաջորդ օրն արդեն Բաքվում գիտեին, որ խոսքն ամենեւին էլ հայտնի երգի՝ «Կռունկ, ուստի՞ կուգաս»-ի հայրենաբաղձության մասին չէ, այլ Ղարաբաղի հեղափոխական շարժման կոմիտեի: «Крунк» ռուսերեն հապավումն այդպես են բացել՝ Комитет революционного управления Нагорного Карабаха (Լեռնային Ղարաբաղի Հեղափոխական Կառավարման Կոմիտե)։
Իսկ ի՞նչ էր մնում մտածել, եթե Կոմիտեի հանձնախմբերից մեկը կոչված էր զբաղվելու «միգրացիայի եւ էմիգրացիայի հարցերով»: Ստեղծվում էր նաեւ «անվտանգության հարցերի» բաժին: Մի խոսքով՝ մարզի կառավարման այլընտրանքային մարմին, ժամանակակից եզրույթով՝ «ստվերային կառավարություն»:
Ի՜նչ «համաժողովրդական ցասում» եւ ի՜նչ ազգային իղձեր: «Տղերքը» դնում էին սեփական կարիերայի հիմնաքարը, եւ քաղաքական մրցապայքարն այնքան սուր էր, որ երբ Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը «Կռունկ»- ը հայտարարեց օրենքից դուրս, եւ շարժման ղեկավարությունն անցավ ընդհատակ (ինչպես բոլշեւիկները՝ Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունից կարճ ժամանակ անց), շատ արագ պարզվեց, որ «կուռ, միասնական, մի բռունցք դարձած» տղերքն ամենեւին էլ նույն ճանապարհի ուղեւորը չեն։ «Միասնական կենտրոնը» մասնատվեց «Տնօրենների խորհրդի եւ «Միացում» շարժման:
Միջին վիճակագրական հայ մարդն այս անդրկուլիսային խմորումներից, կատաղի, երբեմն մեկը մյուսին քաղաքականապես ոչնչացնելու մոլուցքի հասնող մրցապայքարից ոչինչ կամ գրեթե ոչինչ չգիտի: Մինչդեռ ձախողումների արմատն այդտեղ է՝ ներստեփանակերտյան անհանդուրժողականության մեջ, որի արձագանքներն ու մետաստազներն իրենց շատ հստակ զգացնել են տալիս այսօր՝ 44-օրյա պատերազմից հետո:
Որովհետեւ «այդպես է պահանջում պատմական պահը»: «Այդպես էր պահանջում» նաեւ 1989-ի հունվարի 12-ին, երբ ԽՍՀՄ ԳԽ-ի՝ ԼՂԻՄ-ը ներկայացնող հայ պատգամավորի բերանով Մոսկվայում արծարծվեց եւ հակասահմանադրական «լուծում» տրվեց ինքնավարության օրինական իշխանությունը լուծարելու եւ «Վոլսկու կոմիտե» ստեղծելու հարցին:
«Ղարաբաղը ծաղկե՜ց»: Չկա մարզային խորհուրդ՝ գործադիր կոմիտեով, չկա կուսակցության մարզկոմ՝ առաջին քարտուղարի բաղձալի պաշտոնով: Կա Մոսկվայից նշանակված Արկադի Իվանովիչ՝ Հատուկ կառավարման կոմիտե: Ոչինչ, որ այնտեղ է նաեւ Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար Վագիֆ Ջաֆարովը: Կարեւորը Արկադի Իվանովիչի բարեհաճությանն արժանանալն է, իսկ երբ դա չի հաջողվում, ըստ «պատմական անհրաժեշտության» գումարվում է ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար, եւ ստեղծվում զուգահեռ իշխանություն՝ Ազգային խորհուրդ:
ԱԽ-ի պատվիրակներից միայն մի քանի հոգի գիտեին, որ նախօրեին Շոշ գյուղում շարժման ղեկավարության երկու՝ կուսնոմենկլատուրային եւ «հեղափոխական թեւրի ներկայացուցիչները «խորհրդավոր ընթիրքի» են նստել եւ պայմանավորվել «կիսել պատասխանատվությունը»:
1994-ի մայիսյան հրադադարից հետո կյանք եւ նույնիսկ քաղաքականություն մտած սերունդը հիմնավորապես անտեղյակ է այս ամենին: Նա չգիտի, որ 1987-1991 թվականներին ԼՂ-ից պատվիրակություններ էին մեկնում Մոսկվա եւ «բանակցում»՝ ում հետ հաջողվում էր հանդիպում կազմակերպել: Եվ ստացվում էր այնպես, որ մի խումբը Մոսկվայում առաջ էր բերում մեկ, մյուսը՝ այլ, երրորդը՝ բոլորովին ուրիշ «լուծում»:
ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում Բորիս Դադամյանն աղերսում էր. «Верните советскую власть в Нагорный Карабах», բայց գնացքն արդեն մեկնել էր։ Բաքուն հասել էր իր նպատակին. լուծարվել էր մարզային խորհուրդը, իսկ նոր ընտրություններ անցկացնելու սահմանադրական անհրաժեշտությանը հակադարձում էր մեկ այլ սահմանադրական պահանջով՝ միայն Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններին ԼՂ մասնակցությունից հետո:
Շղթան փակվել էր: Այս տհաճ-ցավալի, վիրավորական, որովհետեւ վկայվում է մեր քաղաքական տհասությունը (հակված եմ եզրահանգելու, որ դա կազմակերպված-ուղղորդվող նենգադուլ էր) անցյալն ինչո՞ւ եմ հիշում եւ հիշեցնում: Վերջին օրերին մամուլում շրջանառվում է արդեն Հայաստանում ինչ-որ Ազգային խորհուրդ կազմավորելու եւ «պատմական պատասխանատվություն ստանձնելու» թեզը: Սա շատ նման է ԼՂԻՄ-ի բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար հրավիրելու եւ Ազգային խորհուրդ ձեւավորելու «հեղափոխական» արկածախնդրությանը:
Թույլ, շատ հաճախ՝ ոչ կոմպետենտ եւ դաժան իրականությանը ոչ համարժեք իշխանություն ունենք, այս հարցում երկու կարծիք չկա: Բայց դրանից չի բխում, թե, սահմանադրությունը ոտքի կոխան անելով, Ազգային ինչ-որ խորհուրդ կազմավորելն (ինչպե՞ս) այլընտրանք է:
Ո’չ: Պետականության կորստի ամենակարճ ճանապարհն է դա՝ ստեղծել «Հեղկոմ» եւ մի որոշ ժամանակ խաղալ նրան ճանաչել-չճանաչելու վրա, ապա «պատմական անհրաժեշտությունից ելնելով»՝ օրինականության պատրանք ստեղծել: Այնքան, որ նրա «դարակազմիկ» ստորագրությամբ վավերացվի անկախ Հայաստանի «մահվան թուղթը»:
Բայց դրան հասնելու համար նախ Ստեփանակերտում ստվերային կառավարությունն «օրինականացնելու» խնդիր պիտի լուծվի: Ահա փորձությունը, որ հրամայաբար կանխել է պետք: Համլետի հոր ուրվականը բացում է ողբերգության գաղտնիքը: Մեր պատմության ուրվականը պետք է բերվի առաջնաբեմ: Որպեսզի ողբերգությունը կանխվի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։