Վերջին օրերին Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնվել են խոշոր ցուցապաստառներ, որոնք գովազդում են Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ մի ուժ, որը Խորհրդային Հայաստանում միահեծան իշխել է շուրջ 70 տարի՝ 1920-1990 թվականներին, իսկ 90-ականներին ծանրակշիռ ներկայություն ունեցել արդեն անկախ Հայաստանի խորհրդարանում եւ ներքաղաքական կյանքում:
Հայհեղկոմը, որ Հայկոմկուսի նախատիպն է, ձեւավորվել է Բաքվում, 1920-ի նոյեմբերի վերջերին Իջեւանով մտել Հայաստանի Հանրապետություն: Նոյեմբերի 30-ին օրվա կառավարող ուժը՝ ՀՅԴ-ն, Բյուրոյի որոշումով, իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել է Հայհեղկոմին:
Փաստացի, շուրջ յոթ տասնամյակ Խորհրդային Հայաստանում կոմունիստական դիկտատուրա էր: «Ընտրություններ» անցկացվում էին, սակայն մասնակցելու իրավունք ուներ միայն Հայկոմկուսը: Առաջին իսկ ազատ խորհրդարանական ընտրություններում՝ 1990-ի մայիսին, քաղաքական այդ ուժը պարտվեց Հայաստանում իշխանության եկող Հայոց համազգային շարժմանը՝ ՀՀՇ-ին։
Այդուհանդերձ, 1990-1995 թվականների Գերագույն խորհրդում, որը ձեւավորվեց Խորհրդային Միության գոյության շրջանում եւ շարունակեց գործել անկախ Հայաստանում, Հայկոմկուսը ՀՀՇ-ից հետո երկրորդ ուժն էր։ Նախկին կոմունիստներից շատ-շատերը փոխեցին կուսակցական պատկանելությունը՝ համալրելով ՀՀՇ-ի, ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի եւ այլ կուսակցությունների շարքերը:
1990-ի օգոստոսին, երբ ԳԽ նախագահ կամ երկրի փաստացի ղեկավար էին ընտրում, ՀՀՇ-ն հաղթեց մեծ դժվարությամբ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայն երրորդ փորձով կարողացավ համոզիչ առավելության հասնել Հայկոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանի նկատմամբ։
Ուշագրավ մեկ փաստ եւս, որը անգամ կարելի է պատմական համարել․ հետխորհրդային՝ ԱՊՀ տարածքում միակ երկիրը Հայաստանն էր, որտեղ կոմունիստները չկարողացան ռեւանշ վերցնել եւ իշխանության վերադառնալ՝ թեկուզ այլ անունով։
Էդվարդ Շեւարդնաձեն իշխանության եկավ Վրաստանում, Հեյդար Ալիեւը՝ Ադրբեջանում, Բորիս Ելցինը՝ Ռուսաստանում, Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսում եւ այսպես շարունակ։ Մեզ մոտ 1999-ին Վազգեն Սարգսյանի հետ իշխանության եկավ Կարեն Դեմիրճյանը՝ Խորհրդային Հայաստանի երկարամյա առաջնորդը, սակայն այդ իշխանությունն ընդհատվեց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ։
Թեեւ Հայկոմկուսը՝ որպես կուսակցություն, վերադարձի մանդատ չէր կարողանում ստանալ, բայց Հայաստանի իշխող վերնախավում կոմունիստների պակաս չէր զգացվում։ Նախկին կոմունիստներ են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Տարբեր տարիների կառավարությունը գլխավորել են նախկին կոմունիստներ Խոսրով Հարությունյանն ու Գագիկ Հարությունյանը։ Վերջինս 1996-2018 թվականներին եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։
1991 թվականի նախագահական առաջին ընտրություններում Հայկոմկուսը թեկնածու չառաջադրեց: Այդ ընտրություններում հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեների ավելի քան 83 տոկոսով:
1995-ի Ազգային ժողովի ընտրություններում Հայկոմկուսը երրորդն էր «Հանրապետություն» միավորումից (ՀՀՇ, Հանրապետական, մի քանի այլ ուժեր) եւ կանանց «Շամիրամ» կուսակցությունից հետո՝ 12 տոկոսով։
1996 թվականի նախագահական ընտրություններում Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը երրորդն էր՝ քվեների ավելի քան 6 տոկոսով: Երկու տարի անց՝ 1998-ի նախագահական արտահերթ ընտրություններում, նա ստացավ 11 տոկոս (շուրջ 160 հազար ձայն): Այդ ընտրություններին մասնակցում էին նաեւ մի քանի նախկին կարկառուն կոմունիստներ՝ Կարեն Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան, Արամ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան:
1999-ի Ազգային ժողովի ընտրություններում Հայկոմկուսին, ինչպես ակնարկում էին կոմունիստներն իրենք, մեծ հարված էր նախկին կոմունիստ եւ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանի մասնակցությունը։ Նրա եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը, որը միավորում էր ՀԺԿ-ին եւ Հանրապետականին, տասնյակ հազարավոր ձայներ ստացավ նախկին կոմունիստներից։ 1999-ի ընտրություններում Հայկոմկուսը ստացավ քվեների 12 տոկոսը, մոտավորապես այնքան, որքան 1995-ին։
2003-ի, 2007-ի եւ 2012-ի խորհրդարանական ընտրություններում կոմունիստներն այլեւս չկարողացան հաղթահարել հինգ տոկոսի շեմը։ 2012-ին նրանք ստացան քվեների միայն մեկուկես տոկոսը։
Հայկոմկուսը մասնակցեց նաեւ 2017-ի ԱԺ ընտրություններին եւ ստացավ 1 տոկոսից պակաս քվե կամ շուրջ 11 հազար ձայն: Այդ ընտրություններում նրանք ներկայացել էին 173 հոգանոց ցուցակով։ Թեկնածուների զգալի մասը թոշակառուներ էին կամ գործազուրկներ, միջին տարիքը 60 էր։ Ցուցակը գլխավորում էր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 76-ամյա Տաճատ Սարգսյանը։
2017-ին ներքաղաքական կյանքում վերջին անգամ հիշատակվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության անունը: Այսօր՝ 2021-ին, նրանք որոշել են մասնակցել տեղական ընտրություններին։
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։