Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Աբաս Մուսավիի հետ: Հաջիեւը թվիթերյան գրառմամբ նշել է, որ օրակարգի հարցերի շուրջ արդյունավետ բանավեճ են ունեցել եւ քննարկել դրանք հաղթահարելու ուղիները։
Ադրբեջանում Իրանի դեսպանը Հաջիեւի հետ հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ նշել է, որ քննարկել են երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առկա իրավիճակը եւ ընդհանուր մտահոգող խնդիրները։
Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները սրվել են վերջին մի քանի օրերին, երբ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին սկսեցին ստուգել իրանական բեռնատարները եւ գումար պահանջել իրանցի վարորդներից։
Դեսպան Մուսավին ավելի վաղ հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների բեռնափոխադրումների վերաբերյալ Բաքվի բողոքի առնչությամբ։
Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, վիճարկելի են, եւ հենց դա էր պատճառը, որ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ են տեղակայվել։
Ալիեւի վարչակազմը դիմել է ռուսական կողմին՝ Ղարաբաղ «փոխադրումների անօրինական անցումը» կանխելու համար։ Մոսկվան առայժմ չի արձագանքել։
Ադրբեջանի Միլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի անդամ Այդին Միրզազադեն հայտարարել է, թե «Բաքուն մտադիր չէ աչք փակել այդ հարցի վրա»։ Ըստ «Թուրան» գործակալության՝ պատգամավորը շեշտել է, թե Ադրբեջանը սպասում է Ռուսաստանի հստակ քայլերին, միեւնույն ժամանակ աշխատանք է տարվում իրանական կողմի հետ։
«Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն դժգոհել է, թե «Իրանը ոչ միայն չի դադարեցրել բեռնափոխադրումները, դեռ մի բան էլ ավելացրել է դրանց քանակը»։ Փորձագետը պնդել է, թե Բաքուն ի պատասխան պետք է սահմանափակի Թեհրանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների եւ դրանց ղեկավարության նկատմամբ։
Հայ-ադրբեջանական սահմանի Որոտանի հատվածում ադրբեջանական կողմի գործողությունները Շահինօղլին բացատրել է հենց այդ տրամաբանությամբ․ «Երրորդ քայլն իրականացվել է երեկ։ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական հատվածում ուժեղացվել է վերահսկողությունը, եւ ստուգվում են Իրանի բեռնատարները»,- ասել է նա «Թուրան» գործակալության հետ զրույցում։