Իտալիայի Բոլոնիա քաղաքում այսօր կավարտվի Մեծ քսանյակի (G20) այս տարվա միջկրոնական համաժողովը, որը նախորդում է առաջնորդների գագաթնաժողովին: G20-ի առաջնորդների գագաթնաժողովը, ինչպես հայտնի է, տեղի կունենա հոկտեմբերին:
Իտալիան անցած տարվա դեկտեմբերից նախագահում է Մեծ քսանյակի առաջնորդների գագաթնաժողովը. այդ շրջանակում եւս մեկ համաժողով է տեղի ունեցել մայիսին, որը նվիրված է եղել առողջապահությանը:
G-20-ի՝ սեպտեմբերի 12-14-ին կայացած միջկրոնական համաժողովին կրոնական կազմակերպությունների ղեկավարներից եւ հոգեւորականներից բացի մասնակցում են G20-ի անդամ երկրների նախարարներ, քաղաքական գործիչներ եւ դիվանագետներ:
Համաժողովին հրավիրված էր եւ ելույթ է ունեցել Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայաստանյայց առաքելական եկեղեցու մշտական ներկայացուցիչ Տ. Խաժակ արք. Պարսամյանը, տեղեկանում ենք այս համաժողովի համար ստեղծված G20-ի կայքից:
Միջկրոնական համաժողովը կրում է «Առողջացման ժամանակը. մշակույթների միջեւ խաղաղություն, կրոնների միջեւ՝ փոխհասկացություն» խորագիրը: Ելույթ ունենալով «Քրիստոնեական էկումենիզմը մոդե՞լ է» խորագրով նիստում՝ Խաժակ արք. Պարսամյանը ներկայացրել է քրիստոնեական եկեղեցիների միավորման շարժման դերն այսօրվա տագնապների, ճգնաժամերի եւ հակամարտությունների հաղթահարման գործում:
Ի դեպ, այս համաժողովի մեկ այլ՝ «Կրոնի դերը արաբական աշխարհում տագնապների լուծման մեջ» խորագրով նիստի գլխավոր բանախոս (keynote speaker) էր ընտրվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, որը լիբանանյան ճգնաժամի պատճառով, հատկապես հայ համայնքի կողքին այս պահին լինելու հրամայականով պայմանավորված (ըստ կաթողիկոսության հաղորդագրության), չի ժամանել Իտալիա եւ ելույթ է ունեցել առցանց:
Միջկրոնական համաժողովի տարբեր ելույթներում նշվել է, որ վերջին 40 տարում գրեթե 3000 հարձակում եւ մոտ 5000 սպանություն են եղել աշխարհի տարբեր սրբատեղիներում, եւ միջազգային առաջնորդները մեծ դեր ունեն կանխելու կրոնական հողի վրա ատելությունն ու արմատականությամբ պայմանավորված բռնությունը: «Նրանք, ովքեր հայհոյում են Աստծո Սուրբ անունը՝ հալածելով իրենց եղբայրներին, շատ հեշտությամբ են ֆինանսական միջոցներ ստանում»,- իր ուղերձում ասել է Հռոմի Պապը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։