Պաշտոնական այցով Երեւան ժամանած Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանը հայտնել է, որ Սլովակիայի արտգործնախարարի հետ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Արցախի եւ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայից եւ Արցախյան վերջին պատերազմի օրերին թույլ տրված հանցագործություններից։
Իվան Կորչոկը նշել է, թե ավելի քան 30 տարվա լարված իրավիճակից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են մեկնարկել, որոնք հաշտեցման կհանգեցնեն։ «Լայնորեն քննարկեցինք ԼՂ-ում եւ դրա շուրջը ստեղծված իրավիճակի հարցը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ կարեւոր է ձեռնպահ մնալ լարվածության տանող ցանկացած գործողությունից եւ իրականացնել նոյմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները։
Կորչոկն ընդգծել է հայ գերիների վերադարձի գործընթացի եւ ականազերծման աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը։
Սլովակիայի արտգործնախարարը շեշտել է, որ ցանկացած կոնֆլիկտ կլուծվի, եթե խաղաղության հասնելու կամք եւ հաստատակամություն կա։ Նա ընդգծել է, որ որպես ԵՄ երկիր` Սլովակիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին։
Կողմերը կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
Սլովակիայի նախարարն իր հայ գործընկերոջը պատասխան այցով Սլովակիա է հրավիրել։
Պաշտոնական այցի շրջանակում Կորչոկը կհանդիպի նաեւ ՀՀ վարչապետի, նախագահի եւ ԱԺ նախագահի հետ: