Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում 13-րդ դարում հրեական համայնք է ապրել: Թե ինչպես է ծագել համայնքը ու ինչպես անհետացել, հայտնի չէ, բայց հրեաների՝ հայկական տարածքում շուրջ 70 տարի ապրելու մասին վկայում է գյուղում հայտնաբերված գերեզմանոցը:
Հրեական գերեզմանոցը հայտնաբերվել է 1997-ին: Այժմ մոտ վաթսուն տապանաքար եւ ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ կան: Դրանց մի մասը գտել են գերեզմանոցին հարող տարածքներում:
Երկաթյա նեղ կամուրջը, Արփայի վտակ Եղեգիսը հատելով, գյուղը միացնում է հրեական գերեզմանատանը: Պատնեշապատ գերեզմանատան ներսում կողք կողքի շարված են կլոր սյան ձեւ ունեցող տապանաքարերը՝ տարբեր արձանագրություններով:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության ծառայության աշխատակից Հայկ Զաքարյանն ասում է՝ այդ ժամանակի հրեական ու հայկական տապանաքարերը նույն տեսքն ու ձեւավորումն ունեն: Հրեական համայնքն այդ տարածքում իր գոյության շուրջ 70 տարվա ընթացքում յուրացրել է տեղական մշակույթի որոշ նորմեր։
Հայկ Զաքարյանը Եղեգիսում ու մարզի այլ տարածքներում գտնվող 150-ից ավելի հուշարձան կոթողների պահպանությամբ է զբաղվում: Իր գործառույթներն են՝ չթողնել տարածքը աղտոտել, տապանաքարերը չշարժել, մաքրել մոլախոտերից:
Խոտածածկ է գերեզմանոցի տարածքը: Հայկ Զաքարյանն ասում է՝ հերթով մաքրում է իրեն վստահված բոլոր հուշարձանները: Մենակ է, ավելի արագ չի հասցնում: 20 տարվա աշխատակցին նոր օգնող չկա:
Գերեզմանատան մի մասն արեւկող է: Սովորական այցելուի աչքերով այդ հատվածում տեղադրված տապանաքարերն ավելի լավ են պահպանվել, տեսանելի են նաեւ արձանագրությունները: Մի քանի քայլ այն կողմ ծառաշատ հատված է: Մամռակալած տապանաքարերը կոտրված ծառաբներից դժվար են տարբերվում: Ըստ Հայկ Զաքարյանի՝ մամուռը մաքրել չեն թույլատրում, արձանագրությունները կարող են վնասվել:
Հրեական գերեզմանատան անմիջապես հարեւանությամբ հայկական հետքն է: Գյուղատեղի է եղել, որոշ տների հիմքերն են մնացել, տարածքում մի քանի ջրաղացների մնացորդներ կան:
Գյուղապետարանն անելիք չունի այդ տարածքում, բայց պարբերաբար շաբաթօրյակներ է կազմակերպում, մասնակցում են գյուղի դպրոցի աշակերտները:
Գերեզմանատան հարակից տարածքը «քեֆ-ուրախությունից» ազատված չէ: Աշխարհի տարբեր կետերից՝ Գերմանիայից, Իսրայելից, Ֆրանսիայից, Անգլիայից, Բելգիայից տարեկան մի քանի հազար հյուրեր են գալիս Եղեգիս, այցելում հայկական Զորաց եկեղեցի, Սմբատաբերդ, հրեական գերեզմանատուն: Քիչ չեն նաեւ հրեա հյուրերը, իրենց ուխտի օրերն էլ ունեն:
Միայն հայ հյուրերն են մշակութային կոթողների տարածքում խորովածի կրակ վառում, հաճախ էլ մոռանում իրենց հետեւից խարույկի մնացորդները մաքրել: Հայկ Զաքարյանն ասում է՝ ամեն անգամ մոտենում է, հորդորում տարածքը մաքուր պահել, բայց փոփոխություն չկա, հետն էլ ինքն է «վատամարդ» դառնում: Հետո շրջում է տարածքով, վերացնում մնացորդները: Արտերկրից եկած հյուրերն ավելի հոգատար են:
Հայկ Զաքարյանը նաեւ պարբերաբար լուսանկարում է իր պահպանության տարածքում գտնվող հուշակոթողները, ուղարկում պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության ծառայության փորձագետներին: Վերջիններս էլ պարբերաբար ստուգայցեր են կատարում, ուսումնասիրում հուշակոթողների պահպանության պայմանները, վիճակը:
Հրեական գերեզմանատան մուտքն անվճար է: Թե ինչու որոշակի վճար չեն սահմանում, որ գոնե այդպես կարողանան հոգալ տարածքի մաքրության ծախսերը, այցելուներն էլ գուցե ավելի հոգատար լինեն, պահպանության ծառայության աշխատակիցը պատասխան չունի: Մշակութային արժեք համարվող գերեզմանատան տարածքում խնջույք կազմակերպելու համար տուգանք եւս սահմանված չէ:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: