«Այլընտրանքային նախագծերի խումբը» հայտարարություն է տարածել, որին միացել են զոհված զինծառայողների ավելի քան 340 հարազատներ։
«Գործող վարչապետը կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարել է. «Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»:
Մենք, հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում ենք սրբապղծություն, նողկալի արարք:
Մեր տղերքի զոհվելուց դեռ մեկ տարի էլ չի անցել, հարյուրավոր ծնողներ դեռ իրենց որդիներին եւ ամուսիններին են փնտրում, ունենք գերիներ, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային կտտանքների: Այս պայմաններում գունագեղ համերգի անցկացումը եւ հայտարարությունը, որ այն նվիրված է լինելու մեր տղերքին, համարում ենք ծանր վիրավորանք մեզ եւ մեր տղաների հիշատակին:
Կոչ ենք անում հրաժարվելու այդ մտադրությունից, եւ անկախության օրը նշելու այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով:
Հերոս, նահատակ տղերքի ծնողներ, ընտանիքի անդամներ»։